Իսրայելը համաձայն չէ վերադառնալ 1967թ. սահմաններին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը:

Հանդես գալով Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության մասին ելույթով` ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի 1967թ. սահմանների վերականգնումը:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ մինչ Օբամայի կողմից նոր սկզբունքների հրապարակումը պատրաստ էր հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման գնալ, սակայն  հիմա Իսրայելը չի ընդունում ամերիկյան վարչակազմի առաջարկը, քանի որ նախկին սահմաններին վերադարձը երկիրն անպաշտպան կդարձնի, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Պատրանքների վրա հիմնված խաղաղությունը կփշրվի` բախվելով Մերձավոր Արեւելքի իրականությանը», -նշել է Նեթանյահուն Օվալաձեւ դահլիճում բանակցություններից հետո:

Մամլո ասուլիսին երկու լիդերներն էլ խոսել են զուսպ` նշելով, որ հանդիպումը երկարատեւ էր եւ լուրջ:

Նեթանյահուի խոսքով` ներկայումս ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններ կան: Իր հերթին Օբաման ավելացրել է, որ այդ տարաձայնությունները ընդամենը «վեճ են լավ բարեկամների միջեւ»: «Մենք չեն հրաժարվում հայտարարված կետերից»,- նշել է ԱՄՆ նախագահը: