ԱՄՆ-ը Դոմինիկյան Հանրապետությանը հայտնել է, որ ցանկալի չէ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության` ԱՄՆ-ն միջամտել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այդ հարցի շուրջ «Ռուսաստանի եւ Դոմինիկյան Հանրապետության գաղտնի բանակցությունների մասին»:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հեռուստաալիքին ասել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը Դոմինիկյան Հանրապետության կառավարության հետ քննարկել է այդ հարցը եւ հաղոդել, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ավելին, Ֆ. Գորդոնը հայտարարել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չճանչելու քաղաքականության հարցում մեծ է ԱՄՆ-ի դերը. «Երբ տեղեկություն է ստացվում, թե ինչ-որ երկիր ցանկանում է քննարկել այդ հարցը, ԱՄՆ-ն անմիջապես տեղեկացնում է նրան այդ հարցի վերաբերյալ իր հաստատուն դիրքորոշման մասին»:
Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն:




























