«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Երեւանի թաղապետները ծանր դեպրեսիայի մեջ են հայտնվել, քանի որ նրանց շրջանում լուրեր են տարածվել, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է իրենց հեռացնել աշխատանքից եւ նոր թաղապետներ նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատից։ Թաղապետներն այս օրերին զբաղված են իրենց ապագան կարգավորելու գործով. նրանցից շատերը նպատակ ունեն առաջիկա ընտրություններին իրենց համայնքներից առաջադրվել մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածուներ։
«Մեր տեղեկություններով, Երեւանի երեք համայնքների ղեկավարներ միայն նման ծրագրեր չունեն՝ այն էլ այն պատճառով, որ այդ ընտրատարածքներում առաջադրվելու են ընկեր-բարեկամները։ Մասնավորապես պատգամավոր դառնալու մտադրություն չի հայտնել Էրեբունու թաղապետ Արմեն Հարությունյանը (Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի ազգականը ), Կենտրոնի թաղապետ Սուրեն Գյանջումյանը եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը (Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին)»,-տեղեկացնում է պարբերականը:




























