Մոտ 1200 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները դեռեւս մնում են չլուծված: Այդ մասին այսօր` մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Խոսքը վերաբերում է այն փախստականներին, որոնք 1988-92 թվականաներին տեղահանվել են Ադրբեջանից:

500 հազար տեղահանվածներից 360 հազարը մշտական բնակության է անցել Հայաստանում: Կառավարությունը տարիներ շարունակ հսկայական միջոցներ է հատկացրել փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, զգալի օգնություն է ստացվել նաեւ միջազգային հանրությունից ու Սփյուռքից:  

Գ. Եգանյանի տեղեկացմամբ` 2004թ. հաստատվեց առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը:

Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ծրագիրը  2010 թ. կասեցվել է, այնինչ խոսք է գնում մոտ 40-45 մլն դոլարի մասին, որի շնորհիվ 1200 ընտանիք կապահովվի բնակարանով (յուրաքանչյուր ընտանիքի համար` 37-38 հազ. դոլար):