Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին բարձրաստիճան աղբյուրներին հղում անելով՝ հայտնում է Sunday Times թերթը։ Հոդվածը մեջբերում է The Australian թերթը։
«Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին։ Նա որոշել է։ Լուրերը, թե վերջինս դեռեւս տարբեր վարկածներ է ծանրութեթեւ անում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է աղբյուրը։
Մոսկվայում լուրեր են պտտվում, թե նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւս որոշել է մասնակցել ընտրություններին։
«Ե՛ւ Պուտինը, ե՛ւ Մեդվեդեւն իրենց տեսնում են հաջորդ նախագահի պաշտոնում»,- թերթին ասել է Կրեմլի մեկ այլ աղբյուր։
Համաձայն ռուսական սահմանադրության՝ Պուտինը կարող է նախագահական աթոռը զբաղեցնել եւս երկու անգամ՝ վեցական տարով։ Այդ դեպքում նրա կառավարումը կավարտվի 2024 թվականին, երբ նա կլինի 72 տարեկան։ Դա նշանակում է, որ որպես նախագահ եւ վարչապետ՝ Պուտինը կաշխատի 24 տարի, հայտնում է «Գազետա.ռու»-ն։



























