ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն հակամարտող կառույցներ չեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` պատասխանելով հարցին, թե հակասություն չկա՞ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների միջեւ:
«Անհրաժեշտ է դիտարկել բոլոր հարցերը հեռանկարների մեջ: Իսկ ինչ կլինի, եթե Ռուսաստանը մի օր դառնա ՆԱՏՕ-ի անդամ: ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն ձգտում են հաղթահարել տարբեր սպառնալիքներ»,- նշել է Ռաչինսկին` նկատելով, որ ՀԱՊԿ երկրների համար սպառնալիք է Հարավում որոշակի անկայունությունը, որը կարող է տարածվել:
Ռաչինսկին կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է հասնել ներքին քաղաքական զարգացման եւ կայունության որոշակի մակարդակի, որպեսզի որեւէ կառույցի անդամակցելիս այդ խնդիրները չներմուծել այդ կառույց: «ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը չպետք է հակամարտություններ ունենա հարեւանների հետ: Եթե Հայաստանը հասնի դրան, կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին»:




























