Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մշակվում է Երեւան քաղաքի նոր երթուղային ցանց, որի հիմնական սկզբունքներն արդեն պատրաստ են:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա նոր երթուղային ցանց ստեղծելու նպատակը հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղեւորահոսքը կառավարելի դարձնելը եւ մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելն է:
Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաեւ առաջարկություններ աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ: Քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ Երեւան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ:
Կարեն Կարապետյանի կողմից վերահսկողության պահանջ է դրվել հանրային սննդի օբյեկտներում ծխողների եւ չծխողների համար առանձնացված գոտիների պահպանումն ապահովելու հարցում:
Քաղաքապետը հատկանշել է նաեւ սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ գործընթացին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի մաքրման եւ բարեկարգման 2011թ.-ի ծրագրով նախատեսված 67 շենքերում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ եւս 48 շենքերի մաքրման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է տնտեսված գումարների հաշվին ընդլայնել ծրագիրը եւ գործընթացը Կենտրոնից բացի իրականացնել նաեւ մյուս վարչական շրջաններում:




























