Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարվածներն անհամաչափ է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քանի որ արդեն հաստատվել է, որ հարվածներ է նախաձեռնել ադրբեջանական կողմը, ես պահանջել եմ, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի եւ հստակորեն դատապարտել միջոցները, որոնք մենք դիտարկում ենք որպես անհամաչափ՝ նույնիսկ չնայած նրան, որ բախումներ են տեղի ունեցել սահմանին եւ տարածաշրջանում: Մեզ հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսին, սակայն այդ մասին խոսում եմ անհրաժեշտ զգուշությամբ: Ամեն դեպքում, կիրակի հաստատվել է, որ հարված է հասցվել ադրբեջանական կողմից: Եվ այժմ ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր կողմ պետք է վերադառնա հանգիստ վիճակի եւ դադարեցնի կրակը»,-նշել է նա:  

Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտնել է, որ այսօր երեկոյան հայտարարությամբ հանդես կգան Մինսկի խմբի նախարարները:

Նա ընդգծել է, որ «պետք է զգուշավորություն ցուցաբերել գնահատականներում, բացարձակ ակնհայտ է, որ դա սուր հակամարտություն է:           

«Վերջին օրերին հակասական հայտարարությունների վկան դարձանք, պետք է հնարավորինս զգուշավորություն ցուցաբերել եւ արտահայտվել սահմանված փաստերի հիման վրա: Ես մտադիր չեմ արձագանքել ԶԼՄ-ների հաղորդագրություններին»,-հավելել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաեւ, որ կիրակի օրվանից սկսած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլիից եւ այլ կոմպետենտ ծառայություններից պահանջել է պարզել իրական փաստերը: «Դա թույլ կտա հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, եւ ով է պատասխանատու»,-նշել է Մակրոնը: