Եթե ինչ-որ կոնֆլիկտում պոտենցիալ միջնորդները դրանից շահ են ստանում, ապա իրավիճակը մշտապես սրվում է: Հենց դա է տեղի ունենում Հարավային Կովկասում, գրում է Deutsche Welle-ի վերլուծաբան Միոդրագ Շորիչը: 

«Թուրքիան կարող էր զսպող ազդեցություն ունենալ Ադրբեջանում իր «եղբայրական ժողովրդի» վրա եւ այդպիսով խուսափեր ԼՂ-ում էսկալացիայից, սակայն մեծ հաճույքով հրահրում է այն: Թուրքական բանակը վերջերս ռազմական մանեւրներ անցկացրեց Բաքվի հետ՝ ադրբեջանցիներին հրահրելով արշավ սկսել եւ նույնիսկ սպառնալ Հայաստանին:

Ամենուր, որտեղ Թուրքիան նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդես է գալիս, իբր, խաղաղապահի դերում՝ լինի դա Կովկասում, Սիրիայում կամ Լիբանանում, պատերազմը սարերի հետեւում չէ: Էրդողանը ռազմական նավեր է ուղարկում Հունաստանի ափերի մոտ. նրան չի հուզում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը կամ միջազգային իրավունքը: Նրա նպատակն է Թուրքիան վերածել տարածաշրջանային գերտերության, ծայրահեղ դեպքում՝ բռնության միջոցով: Այսպես թե այնպես, Էրդողանը շահագրգռված չէ Կովկասում խաղաղությամբ:

Չկա հետաքրքրություն Ղարաբաղում հակամարտության քաղաքական կարգավորման հարցում

Կրեմլը կարող էր Հայաստանին զերծ պահել անցանկալի սադրանքներից. օրինակ՝ ԼՂ-ում Սիրիայից քրիստոնյա փախստականների վերաբնակեցմամբ: Երեւանի վրա Մոսկվայի ազդեցությունը դժվար է գնահատել: Հայաստանի ցանկացած կառավարություն գիտակցում է, որ երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել առանց իր «ավագ եղբոր»՝ Մոսկվայի աջակցության:

Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Հայաստանին, այլ նաեւ հազարավոր զինվորականներ է տեղակայել ՀՀ տարածքում: Այնուամենայնիվ, Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմամբ: Կրեմլը ցանկանում է պահպանել ստատուս քվոն եւ պահպանել լավ հարաբերությունները ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ:

ԼՂ շուրջ կոնֆլիկտում չհետաքրքրված միջնորդների պակաս չկա: Ռուսաստանն ու Թուրքիան իրենց նպատակներն ունեն: Այդ պատճառով կոնֆլիկտը մշտապես սրվում է՝ հատկապես այն ժամանակ, երբ տնտեսական վիճակը վատթարանում է, եւ իշխանությունները ցանկանում են հանրության ուշադրությունը շեղել սեփական սխալներից:

Հայրենասիրությունը խլացնում է ողջամտության ձայնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, օրինակ, բազմիցս հայտարարել է, որ մտադիր է երկրի տնտեսությունն արդիականացնել եւ պայքարել կոռուպցիայի դոեմ։ Սակայն գործնականում երկրում քիչ բան է փոխվել։ Ադրբեջանը շարունակում է կախված մնալ նավթի եւ բնական գազի արտահանումից։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ էներգակիրների համաշխարհային գներն ընկել են։ Սա հանգեցրել է արտահանումից Բաքվի եկամուտների նվազման, ինչն ուժգին հարվածել է երկրի բյուջեին։

Բնակչության գնողունակությունն անկում է ապրում, իսկ գժգոհությունն աճում, այդ թվում՝ այն պատճառով, որ ադրբեջանական իշխանությունների բոլոր ուժերը զբաղված են համավարակի դեմ պայքարով։ Հայաստանի հետ ռազմական հակամարտությունը շեղում է հանրության ուշադրությունը եւ Ալիեւին ժամանակ ձգելու հնարավորություն տալիս։ Եվ չնայած լոկ հայրենասիրությամբ կուշտ չես լինի, այն խլացնում է ողջամտության ձայնը։

Լեռնային Ղարաբաղում կրկին բռնկված պատերազմը դարձել է դիվանագիտության ձախողումը։ Արեւմուտքին քիչ է հետաքրքրում Եվրոպայի ծայրին գտնվող հակամարտությունը։ ԱՄՆ-ն հրաժարվել է համաշխարհային կարգի պահապանի իր դերից, իսկ Եվրամիությունը կա՛մ անընդունակ է, կա՛մ չի ցանկանում իր վրա վերցնել։ Վերջին հաշվով, Կովկասում շարքային մարդիկ վճարում են այն բանի համար, որ ոչ մեկն իրեն պատասխանատու չի զգում նրանց ճակատագրի համար»,-գրում է հոդվածագիրը: