Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ Ջեքի Սփեյերը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի 46 անդամներից կազմված երկկուսակցական խումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին նամակ են հղել, որում մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայով։

Նրանք նշել են, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը երկու կողմից խաղաղ բնակիչների եւ զինվորների կյանքեր է արժեցել եւ մեծացրել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգը, հատկապես Թուրքիայի միջամտության պատճառով։ Նամակում Պետքարտուղարությանն ուղղված խնդրանք կա ձեռնարկելու հակամարտության ապաէսկալացիայի կոնկրետ քայլեր եւ բոլոր կողմերին դրդելու վերսկսել դիվանագիտական գործընթացը՝ ձգձգված հակամարտության խաղաղ եւ ժողովրդավարական կարգավորման համար։

«Մենք գրում ենք, որ արտահայտենք մեր խորը մտահոգությունը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերսկսմամբ եւ Հայաստանի հետ ավելի լայն հակամարտության աճելու հնարավորությամբ։ Մենք Վարչակազմին խնդրում ենք օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները լարվածության թուլացման, ռազմական գործողությունների դադարեցման եւ հետագա հարձակողական գործողություններից Ադրբեջանին հետ պահելու համար»։

«Մեր կարծիքով՝ ռազմական գործողությունների այս նոր ռաունդը եւս մեկ վկայություն է, որ ԱՄՆ քաղաքականությունը, որը հավասարության նշան է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, անահաջողություն է կրել։ Միացյալ Նահանգները եւ Մինսկի խմբի մյուս անդամները չափազանց երկար են հավասարության նշան դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, անգամ չնայած այն հանգամանքին, որ վերջինը սպառնում է պատերազմով եւ հրաժարվում համաձայնվել շփման գծի երկայնքով մոնիթորինգին»։

«Լրացուցիչ մտահոգություն է հարուցում այն, որ Ադրբեջանն իր գործողությունների համար նյութական օգնություն եւ աջակցություն է ստանում Թուրքիայից։ Թուրքիայի ներգրավվածությունը մեծացնում է երկարատեւ տարածաշրջանային հակամարության վտանգը, որը կարող է դառնալ հումանիտար աղետ եւ խափանել ԱՄՆ ազգային անվտանգության կարեւոր առաջնահերթությունները»։

«Միացյալ Նահանգները վերջին տարիներին Ադրբեջանին տրամադրել է տասնյակ միլիոնավոր դոլարի ռազմական օգնություն, դրա հետ մեկտեղ, ամենայն հավանականությամբ, չի կարողանում կամ չի ցանկանում Ալիեւի կառավարությանը հետ պահել հարձակողական ռազմական գործողություններից կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումներից։ Այս խաղաքականությունը ձախողվել է, եւ մենք պետք է ուրիշ կուրս ընտրենք։

Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում ձեռնարկել հետեւյալ քայլերը․

1) Հստակ եւ ոչ երկիմաստորեն դատապարտել Ադրբեջանի անառարկելի ագրեսիան եւ հասկացնել, որ եթե զսպվածություն չդրսեւորի, դա կասկածի տակ կդնի ԱՄՆ օգնության շարունակումը,

2) ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատել Ալիեւի կառավարությանն ուղղված կոչի վրա՝ դադարեցնել Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ ուժի բոլոր հարձակողական կիրառումները եւ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցերը լիովին խաղաղ կարգավորելու պարտավորություն ստանձնել,

3) Աշխատել Մինսկի խմբի հետ, որպեսզի Ադրբեջանին ստիպեն համաձայնվել շփման գծի երկայնքով մոնիթորինգին, ինչպես նախատեսված է Ռոյս-Էնգելի առաջարկներում, ինչպես նաեւ՝

4) Բարձր մակարդակով փոխգործակցել Թուրքիայի հետ, որպեսզի նրան հասկացնեն, որ Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցությունը վնաս է հասցնում խաղաղության գործին եւ տարածաշրջանային կայունությանը»,- նշված է նամակում։