Վիեննայում ահաբեկչական հարձակումից հետո ձերբակալվել է 14 մարդ։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը, փոխանցում է DW-ն։

Բոլոր ձերբակալվածները 18-ից մինչեւ 28 տարեկան ներգաղթյալներ են, որոնցից ոմանք Ավստրիայի քաղաքացիներ են։ Հետաքննություն է կատարվում՝ պարզելու նրանց մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը։

Վիեննայի ոստիկաանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից եւ Հյուսիսային Մակեդոնիայից։

Նոյեմբերի 2-ին Վիեննայում ահաբեկչության ժամանակ զոհվել է 4 մարդ, եւս 23-ը վիրավորվել է, նրանցից ոմանք ծանր վիճակում են։ Հրացանով զինված չարագործը կրակել է Վիեննայի պատմական կենտրոնի 6 տարբեր վայրերում, այդ թվում՝ վիեննական սինագոգի մերձակայքում։ Նա գործել է միայնակ եւ գնդակահարվել է ոստիկանների կողմից։

Ահաբեկչությունն իրականացրել է Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա ներգաղթյալը, որն ուներ ավստրիական եւ մակեդոնական անձնագիր։ Նա անցյալում փորձել է գնալ Սիրիա ԻՊ-ին միանալու համար եւ ձերբակալվել է։

2019 թվականի ապրիլի 25-ին նա դատապարտվել է 22 ամսվա բանտարկության ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով, իսկ դեկտեմբերի 5-ին «պայմանական վաղաժամկետ ազատվել» էր։ Նա մասնակցել է ապաարմատականացման ծրագրին, սակայն նրան հաջողվել է խաբել արդարադատության մարմիններին։