ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս անհայտ են մնում․ դեմոկրատների թեկնածուն մոտ է Ընտրիչների կոլեգիայում ձայների մեծամասնությունը ստանալուն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է առանձին նահանգներում դադարեցնել ձայների հաշվարկը։ Հանրապետականները մի քանի հայցեր են ներկայացրել ձայները հաշվարկելիս խախտումների վերաբերյալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Հինգշաբթի երեկոյան նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 2 օրում առաջին անգամ հանդես է եկել հրապարակային ելույթով՝ Սպիտակ տանը լրագրողներին ասելով, որ ընտրությունները եղել են «նենգափոխված» են եւ ընդգծելով, որ իրենից ձայներ են «գողացել»։

Թրամփը հայտարարել է, որ եթե հաշվակեն բոլոր «օրինական» ձայները, ապա ինքը կհաղթի ընտրություններում՝ դրանով իսկ ազդակ տալով, որ հանձնվելու մտադրություն չունի դեմոկրատ Ջո Բայդենի հետ պայքարում։

«Եթե հաշվեն օրինական ձայները, ես հեշտ կերպով կհաղթեմ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցների դահլիճում։ Նա շեշտել է, որ քվեաթերթիկների երկար տեւած հաշվարկն իրեն թույլ է տալիս ենթադրելու, որ ընտրությունները նենգափոխվել են, որպեսզի իրենից հաղթանակը «գողանան»։ «Մեր նպատակն է ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ինքը թույլ չի տա ստիպել իր ընտրողներին լռել։

Նա հայտարարել է, որ ինքն, ըստ ամենայնի, հաղթում է Արիզոնայում։ Ըստ Fox News-ի հաշվարկների՝ Ջո Բայդենը հիմա Արիզոնայում առաջ է անցել ձայների 89 տոկոսի հաշվարկի հիման վրա՝ նա ստացել է ընտրողների ձայների 50,4 տոկոսը, Թրամփը՝ 48,2 տոկոսը։

Դրանից բացի, Թրամփը շեշտել է, որ հայցերի հետ կապված դատավարությունը, որոնք ներկայացնելու է իր շտաբը, կարող է ավարտվել Գերագույն դատարանում։

Թրամփը նաեւ հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ձայների հաշվարկը՝ վկայակոչելով ընտրական գործընթացի կազմակերպիչների խարդախությունը եւ ոչ իրավաչափ վարքագիծը՝ ապացույցներ չներկայացնելով։

Մի շարք հեռուստաալիքներ՝ ABC-ն, CBS-ն եւ MSNBC-ն ընդհատել են Թրամփի ելույթի ուղիղ հեռարձակումը՝ վերջինի «սուտ հայտարարությունների» պատճառով։

MSNBC-ն Սպիտակ տանից հեռարձակումը դադարեցրել էր, երբ նախագահն ասել էր, որ հաղթել է։ Հաղորդավար Բրայան Ուիլյամսն ասել էր․ «Մենք կրկին արտասովոր իրավիճակում ենք՝ ոչ միայն ընդհատելով ԱՄՆ նախագահի ելույթը, այլեւ ԱՄՆ նախագահին ուղղելով»,- փոխանցում է BBC-ն։

Նախագահական մրցապայքարը դեռեւս շարունակվում է, որովհետեւ ո՛չ Թրամփը, ո՛չ Բայդենը առայժմ չեն ստացել հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը։

Ջո Բայդենը ընտրություններում հաղթող է ճանաչվել Միչիգանում եւ Վիսկոնսինում, ինչը նրան թույլ է տվել առաջատար դիրք գրավել ընտրիչների ձայների թվով, սակայն Դոնալդ Թրամփը մինչեւ հիմա հանձնվելու ոչ մի նշան չի ցուցադրել։

Հինգշաբթի ավելի վաղ Դելավեր նահանգում Ուիլմինգթոնում դեմոկրատ Ջո Բայդենը կրկին հանդես էր եկել կարճ հայտարարությամբ, որում ասել էր, որ «անչափ գոհ» է նախագահական ընտրությունների ընթացիկ արդյունքներից, եւ իր կողմնակիցներին կոչ էր արել «հանդարտություն պահպանել», քանի դեռ ձայների հաշվարկը շարունակվում է։

Բայդենը ընտրիչների ձայների թվով Թրամփից առաջ է անցել 253-214 հաշվով։ Սակայն ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է 4 նահանգներում՝ Ջորջիայում, Փենսիլվանիայում, Արիզոնայում եւ Նեւադայում, որոնց քվեարկության արդյունքներն էլ կորոշեն ընտրությունների ելքը։

Թրամփն առաջ է անցնում Ջորջիայում եւ Փենսիլվանիայում, իսկ Բայդենն առաջ է անցել իր մրցակիցից Արիզոնայում եւ Նեվադայում, եւ բոլոր դեպքերում թեկնածուների միջեւ տարբերությունը նվազագույն է:

Ընտրական օրենսդրության համաձայն` ընտրիչների կոլեգիայի ձայները ստանում է քվեարկության հաղթողը  յուրաքանչյուր նահանգում` բնակչության թվաքանակից կախված, բացառությամբ երկու նահանգների` Մեյնի եւ Նեբրասկայի:

Եթե ​​Բայդենը կարողանա պահել առաջատար դիրքը Արիզոնայում` դրա ընտրիչների 11 ձայնով եւ Նեվադայում` վեց ձայնով, նա 270 ձայն կստանա եւ կընտրվի ընտրիչների կոլեգիայի կողմից որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, որի երդմնակալության արարողոթյունը տեղի կունենա 2021 թվականի հունվարին` անկախ Ջորջիայում եւ Փենսիլվանիայում քվեարկության արդյունքներից:

Թրամփը պետք է պահպանի բոլոր նահանգները, որոնցում նա այժմ առաջ է անցնում, եւ առավելագույն ձայներ ստանա Նեվադայում կամ Արիզոնայում, որտեղ այժմ առաջատար է Բայդենը:

Փենսիլվանիայում Թրամփը առաջ է անցնում 108.000 ձայնի առավելությամբ, բայց այս նահանգում հարկ է մեծ թվով քվեաթերթիկներ հաշվել: Այս նահանգում կշեռքի վրա է ընտրիչների 20 ձայն: Թրամփը վստահորեն առաջ է անցնում եւս երկու նահանգներում, որտեղ քվեարկության պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել` Ալյասկայում եւ Հյուսիսային Կարոլինայում:

Այժմ Բայդենն առաջ է անցնում 11000 ձայնով Նեվադայում (ընտրիչների վեց ձայն) եւ 68000-ով` Արիզոնայում, որը ներկայացնում են 11 ընտրիչները: Երկու նահանգներում էլ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել:

Բայդենն առաջ է անցնում ընտրությունների ընթացքում ստացված ձայների ընդհանուր քանակով. նրա օգտին քվեարկել է 71.8 միլիոն ընտրող, իսկ Թրամփի օգտին` 68.1 միլիոն, սակայն հենց ընտրիչները պետք է հայտարարեն նախագահական ընտրարշավի հաղթողին: