2021 թվականին Հայաստանի տնտեսության կանխատեսվող աճը կկազմի 4,8 տոկոս։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ տնտեսության աճն ապահովվելու է կապիտալ ծախսերի աճի հաշվին։ Այս նպատակներին է ուղղվելու 219 մլրդ դրամ։
«Նախատեսվում է եւս 81 մլրդ դրամ հատկացնել կառավարության առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանը»,- հայտնեց Ջանջուղազյանը։
Նախարարը նաեւ նշեց, որ գործադիր իշխանությունը ընթացիկ ծախսերը կրճատելու մտադրություհն չունի, մասնավորապես՝ առողջապահության, կրթության եւ սոցիալական աջակցության։ Ավելին՝ դրանք 2020 թվականի եւ անգամ մինչճգնաժամային 2019 թվականի համեմատությամբ կաճեն։ Մասնավորապես՝ առողջապահության ծախսերը կաճեն 2,1 տոկոսով, իսկ կրթության եւ մշակույթի ծախսերը՝ 1.2 տոկոսով։ Ընդ որում՝սոցիալական ապահովության ծախսերը կաճեն 2,2 տոկոսով։
«Ծախսերը հնարավոր կլինի պահպանել ԱՄՀ 420 մլն դոլար վարկերի հաշվին»,- պարզաբանեց նախարարը։





























