Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունները խաղաղ պայմանավորվածությունները տապալող ազգայնականների մասին ոչ մի կապ չունեն հայկական ընդդիմության գործողությունների հետ։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝ այս խոսքը հաստատապես իրենց չի վերաբերում։

«Մենք աում ենք, որ կապիտուլյացիա է եղել եւ ընդամենը սա ենք արձանագրում։ Այս մասին պետք է խոսել սթափ գլխով եւ սառը սրտով»,- շեշտեց Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն աջակցեց իր գործընկերոջը եւ նշեց, որ Նարիշկինի հայտարարությունը այլ ուղերձ ուներ։

«Միանգամայն հստակ է, որ այդ խոսքը չի վերաբերում «Բարգավաճ Հայաստանին», եւ ես վստահ եմ, որ այն չի վերաբերում ընդիմադիր 17 կուսակցություններին։ Հակառակը՝ ուղղված է այն ուժերին, որոնք աշխատել են արեւմտյան ուժերի օգտին եւ դավաճանել են Հայաստանի շահերը՝ ստորագրելով կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը»,- ասաց Իսայանը։

Ավելին, ըստ նրա, ոչ մեկին չի հաջողվի փչացնել Հայաստանի ընդդիմության եւ Ռուսաստանի հարաբերությունները։

Նշենք, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել էր մի շարք արեւմտյան երկրների այն բանում, որ նրանք ունեցած խողովակներով հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են վարկաբեկել ու տապալել հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ փորձելով հայերին համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է։ Նրանք նաեւ հրապարակ են նետում «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» գաղափարը։

Մինչդեռ Երեւանում վերջին օրերին ընթանում են մասշտաբային ցույցեր, որոնք կազմակերպում են 17 ընդդիմադիր կուսակցությունները՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին վրդովել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումը, որով Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից բացի, նախատեսվում են Ադրբեջանի օգտին տարածքային զգալի զիջումներ ե բուն Հայաստանով միջանցքի բացում։