ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը ստեղծված իրավիճակում ավելի շատ կայունացնող է, քան ապակայունացնող: Այս մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով գործող վարչապետին իշխող քաղաքական ուժի թեկնածուով փոխարինելու հնարավորության մասին հարցին, ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Ըստ Նազարյանի` այս տարբերակն անընդունելի է, քանի որ «որքան էլ դա պարադոքսալ հնչի», սակայն ստեղծված իրավիճակում կայունացնող գործոնը հենց Փաշինյանն է:
Նա օրինակի համար նշեց նաեւ, որ նախօրեին վարչապետի կողմնակիցները հավաքվել էին Երեւանի Հանրապետության հրապարակում, եւ միայն նա կարողացավ խոսել նրանց հետ եւ հորդորել տուն գնալ` առանց ավելորդ լարվածություն ստեղծելու:
«Ես չեմ պատկերացնում, որ ուրիշ ինչ-որ մեկը կարողանա կայունացնել իրավիճակը»,- հայտարարեց Նազարյանը:
Հիշեցնենք, որ իր «աջակիցներին» ֆեյսբուքյան սկանդալային գրառմամբ հրապարակ էր կանչել հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը: Վարչապետնիր «աջակիցների» մոտ էր դուրս եկել թիկնապահների խիտ շրջանով:




























