Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում «հանդարտությունը խախտողն» է եւ «ջիհադիստների տուրգործակալը», որին պետք է հակազդել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամմանում տեղի ունեցած Հունաստանի, Կիպրոսի եւ Հորդանանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը Թուրքիայի քաղաքականությունն էր:
«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակից դուրս եւ ցավոք, դարձել է տարածաշրջանում հանդարտությունը խախտողը՝ սպառնալով ուժի կիրառմամբ: Նա Հունաստանին սպառնացել է պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն եւ իր տարածքային ջրերն ընդլայնի մինչեւ 12 ծովային մղոն: Փախստականներին որպես (քաղաքականության) գործիք օգտագործելով, տարածելով քարոզչություն եւ կեղծ լուրեր, սրելով անվտանգության խնդիրը, ջիհադիստներին Լիբիայից Կովկաս տեղափոխելով՝ դա ես անվանում եմ «ջիհադիստների տուրիստական գործակալություն», եւ սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- հանդիպման արդյունքներով ասել է Դենդիասը:
Նրա խոսքով՝ Անկարայի նման գործողությունները բացարձակապես անընդունելի են, եւ Հունաստանը Անկարային բազմիցս կառուցողական երկխոսության կոչ է արել բոլոր երկրների հետ, որոնք ընդհանուր արժեքներ ունեն:
«Մենք խոսել ենք Լիբիայի մասին, մենք խոսել եենք Սիրիայի մասին, մենք խոսել ենք մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի մասին, մենք խոսել եենք ներգաղթի մասին, մենք խոսել ենք Արեւելյան Միջերկրական ծովի եւ կիպրոսյան խնդրի մասին: Եվ ես պետք է ասեմ, որ մենք ընդհանուր ընկալման ու ընդհանուր մոտեցման շատ ոլորտներ գտանք»,- ասել է նա:
Դենդիասը հայտնել է, որ երեք երկրներն աջակցում են իրենց եռակողմ համագործակցության ինստիտուցիոնալիզացիային Նիկոսիայում մշտական քարտուղարության ստեղծման միջոցով, եւ դրա ընդլայնմանը: «Օրինակ՝ երեքով պայմանավորվել ենք, որ պետք է միասին այցելենք Իրաք եւ մեզ հետ պետք է լինի մեր եգիպտացի գործընկերը: Որ երկրների միջեւ հաշտեցման օրինակ ցույց տանք»,- ասել է հույն նախարարը:





























