Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը․ վաղը մինչեւ ժամը 17-ը Կապանի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն, NEWS.am-ին հայտնել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «Հրամանն իջեցվել է Պաշտպանության նախարարությունից։ Կապանը դառնում է անպաշտպան, ինչի մասին խոսում եմ արդեն մեկ ամիս», նշել է նա։ Ըստ նրա՝ դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվելու։
Ճանապարհը փակած սյունեցիները ճանապարհով անցնել թույլատրում էին միայն շտապ օգնության եւ պաշտպանության նախարարության մեքենաներին։ Նրանք սահմանների անվտագության երաշխիքներ էին պահանջում։ Ոստիկանները փորձել են համոզել սյունեցիներին՝ բացել ճանապարհը, բայց ապարդյուն։
Ճանապարհը փակած սյունեցիներին փորձել է համոզել նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ասել, թե այդպես հարցը չի լուծվի։ Սյունեցիներն ահազանգել են՝ դիրքերը զիջելու դեպքում մարզը հայաթափվելու է։ Շիկահողի գյուղապետը տեղեկացրել է, որ նահանջի հրաման են ստացել, ապա հետաքրքրվել՝ գյուղացին մինչեւ ե՞րբ է սահմանը պահելու։
Տարեց սյունեցիներից մեկը ահազանգ-հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ Հանրապետությունը չի կառավարվում, ինչո՞ւ է ժողովուրդը բարձիթողի վիճակում։
Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել։ Ճանապարհը փակած քաղաքացիները տարբեր կողմեր են փախել։ Այդպես էլ չի պարզվել, թե ով եւ ինչու է կրակել։
Mediaport-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են Ադրբեջանին փոխանցվելիք Սյունիքի հատվածները։ Տեսանյութի նկարահանումն իրականացնող զինծառայողը նաեւ հայհոյախառն մեկնաբանություններ է արել իշխանության հասցեին։
Թումոյի այգուց այսօր մեկնարել է Արժանապատվության հերթական երթը։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարել է՝ Փաշինյանն ու իր ոհմակը տվեցին ոչ միայն Արցախը, ոչ միայն զիջեցին հայրենի հողերը, ոչ միայն զոհաբերեցին 5 հազարից ավելի հայորդիների, տասնյակ հազարից ավելի հաշմանդամներ ու հարյուր հազարավոր հայրենիքը կորցրած ընտանիքներ ունեցանք, այսօր արդեն նաեւ Սյունիքի սահմանային դիրքերն են հանձնում։
Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց եւ փորձեց հասարակությունը պառակտել, լրագրողներին ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմության իր հրաժարականի պահանջը «էլիտայի բունտ» է, որն ուզում է ժողովրդից խլել իշխանությունը:
Երեկ անհայտ կորածների ու զոհվածների որոնումները շարունակող փրկարարական խմբերը Հորադիզից և Ջաբրայիլից դուրս են բերել 41 զինծառայողի մարմին։ Արցախի արտակարգ իրավիճակների գերատեսչությունից NEWS.am-ին հայտնել են, որ «Փրկարարներն աշխատում են առավոտից մինչև ուշ գիշեր։ Ընդհանուր առմամբ դուրս է բերվել 933 աճյուն։ Ըստ աղբյուրի՝ շատ տարածքներում ադրբեջանցիները չեղարկում են նախօրոք ծրագրած որոնումները, մյուս խոչընդոտը ցուրտ եղանակն է։ Շուշիում որոնումները շուտով վերսկսվելու են, այնտեղ եղած շատ զինծառայողներ մինչև օրս չեն գտնվել։
Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերից կորած զինվորների հետ կապված ամենավատ կանխատեսումն իրականություն դարձավ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին և փոխանցել հայկական կողմին։ Զոհվել են նրանք մարտում, թե սպանվել գերեվարվելուց հետո, առայժմ հայտնի չէ։
Արցախյան պատերազմին ու դրա հետեւանքներին իր հերթական մեծ ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի նախագահը։: «Երկար տարիներ եղել ենք այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ փոխանցվի ապագային, ամրագրվի ստատուս քվոն, բայց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ շփման հնարավորության պարտադիր ստեղծման դեպքում»,- նշել է նա: Եռակողմ համաձայնագրի ամենակարեւոր արդյունքը Պուտինը համարում է արյունահեղության դադարեցումը։ Նա հույս է հայտնել, որ խաղաղապահների տեղակայումից հետո Հադրութի շրջանում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ տեղի ունեցած վերջին բախումը կլինի լարվածության բռնկման միակ դեպքը պատերազմի դադարեցումից հետո եւ ի վերջո կհաջողվի նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Օրվա սկանդալը հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանին ոստիկանություն բերման ենթարկելն էր․ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով։ Դեռ առավոտյան Մելիքյանն ահազանգել էր, որ երգչուհուն բերման են երթարկում, մինչդեռ նախապես չեն հրավիրել ոստիկանություն կամ չեն տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ «Սա բացարձակ ապօրինություն է»,- նշել էր նա։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին։ Պետրոսյանին ավելի ուշ բաց են թողել։
Այնպես չէ, որ ամբողջ Լոռիում վարչապետի հրաժարականն են պահանջում, լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլի» նախկին պատգամավոր, նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը: Դիտարկմանը, որ այսօր Լոռիում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ անգամ խրտվիլակ էին տարել մարզպետարանի մոտ, մարզպետը նշել է, թե նրանք եղել են ընդամենը 15-20 հոգի: Լրագրողները հետաքրքրվել են, թե նրա հաշվարկով՝ Երեւանո՞ւմ քանի հոգի է պահանջում Փաշինյանի հրաժարականը։
Արտասահմանյան եւ Հայաստանի հեղինակավոր գիտական կենտրոնների ու բուհերի մի խումբ հայ գիտնականներ պահանջել են Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Գիտնականները խոստովանել են, որ իրենցից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը։ Հայտարարությունը ստորագրած 38 գիտնականների շարքում է ԲՈԿ նախագահի պաշտոնից ամիսներ առաջ հրաժարական տված Սմբատ Գոգյանը։
Այսօր Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այցի նպատակի մասին մանրամասներ 2-րդ նախագահի գրասենյակը չի հայտնել:
Մամուլին հայտնի է դարձել, որ հոր մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Եռաբլուրից մեկնարկող սգո երթին։ Վովա Փաշինյանի հուղարկավորությունը վաղն է՝ դեկտեմբերի 18-ին։ Հիշեցնենք, որ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, եւ ուրիշ որդեկորույս մայրեր հայտարարել էին, թե թույլ չեն տալու Փաշինյանի ներկայությունը Եռաբլուրում:
Արցախում զոհված 24-ամյա սպայի հայրը Փաշինյանին համարում է հայ ազգի համար 1 թշնամին եւ վստահ է, որ հեռու չէ այն օրը, երբ նրան ձեռնաշղթաներ հագցրած դուրս կբերեն կառավարության շենքից։
Զինծառայողի հայրն առաջարկել է երեքշաբթի օրը ժամը 12-ին շրջափակել կառավարության շենքը. «Թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը փախչի, պահանջենք, որպեսզի նրան ձերբակալեն և դուրս բերեն։ Իսկ մինչ այդ ամեն օր պետք է պահանջատիրական երթ կազմակերպել»,- ասել է զոհված զինծառայողի հայրը։
Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորման պահած՝ «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ հակառակորդը չի կարողացել պաշտպանությունը ճեղքել, բայց դիրքապահները ստիպված են եղել թողնել դիրքը, երբ հրաման են ստացել, ասել է միավորման անդամ Մանվել Խաչատրյանը։ Նա հայրենիքը հանձնելու եւ մեծաթիվ զոհերի համար մեղադրել է քաղաքական իշխանությանը, պահանջել Փաշինյանի հրաժարականը եւ ուշագրավ բացահայտում արել նրա կնոջ ջոկատի մասին։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.48 դրամով ու կազմել 523.42 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով ու կազմել է 640.20 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.40 դրամով ու հասել 710.91 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել 7.19 դրամ:
Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում եւս գիշերը տեղումներ կլինեն, տեղ-տեղ` թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +6 +8:











