Իշխանությունների հետ բանակցություններ սկսել-չսկսելու հարցում Հայ ազգային կոնգրեսը սպասում է իշխանությունների պաշտոնական, այլ ոչ՝ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի անձնական տեսակետին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ մամուլի քարտուղարի այն հայտարարությանը, թե իշխանությունը որեւէ մեկի հետ չի պատրաստվում արտահերթ ընտրությունների հարց քննարկել: Վահագն Խաչատրյանն ընդգրկված է իշխանությունների հետ բանակցելու համար ստեղծված խմբի կազմում:
«Սա Շարմազանովի տեսակետն է, բայց միակ ձեւը, որով հնարավոր է դուրս գալ երկրում ստեղծված ճգնաժամային վիճակից, արտահերթ ընտրություններն են»,- համոզմունք հայտնեց Խաչատրյանը։
Հարցին, թե իշխանության եւ ընդդիմության՝ տրամաբանորեն հակառակ օրակարգեր ունենալու պարագայում մտավախություն չկա՞, որ երկխոսության գործընթացը, դեռեւս չսկսված, դատապարտված է տապալման, ՀԱԿ անդամն ասաց. «Խորհուրդ կտայի չշտապել, եզրակացություններ չանել եւ ուղղակի սպասել»:
Վահագն Խաչատրյանը նաեւ չբացառեց, որ արտահերթ ընտրությունների թեման իշխանությունների հետ քննարկելուց բացի ընդդիմությունը պատրաստ է քննարկել հարցերի լայն շրջանակ, որն, անշուշտ, առաջին հերթին կապված է արտահերթ ընտրությունների հետ։ «Ի վերջո մեր նպատակն այս վիճակից դուրս գալն ու համակարգային փոփոխություններ կատարելն է։ Այն համակարգը, որով ղեկավարվում է ՀՀ գործող իշխանությունը, փտած է, չի գործում եւ վատացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը։ Այնպես որ, այդ երկու հարցերը կարող ենք քննարկել զուգահեռ կերպով, դրանք իրար չեն խանգարի»,- ասաց ՀԱԿ անդամը։
Ամփոփելով՝ Վահագն Խաչատրյանը հույս հայտնեց, որ գործող իշխանությունները քաղաքական կամք եւ խոհեմություն կցուցաբերեն եւ վերջիվերջո կբանակցեն արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ։ «Վերջին 3 տարիների մեր աշխատանքը միտված է եղել նրան, որ իրավիճակը ոչ թե սրվի, այլ հակառակը՝ շտկվի։ Նման հնարավորություն այս պահին կա»,- ասաց նա։
Նշենք, որ նախօրեին Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:
ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.
Լեւոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)
Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար
Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար
Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ:
ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է, թե բանակցությունների օրակարգի միակ հարցը արտահերթ ընտրություններն են:
Իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ «բանակցողների» խմբի ձեւավորման փաստը, ասել է, թե Հայաստանի իշխանությունները մտադիր չեն բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ` ՀԱԿ առաջարկվող օրակարգով` հանրապետությունում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:




























