Բոստոնցի Շաքե Հավանը Հայաստանում իր բիզնեսը սկսել է 10 տարի առաջ` բացելով «Արտբրիջ» գրախանութ-սրճարանը: Մինչ Հայաստանում շատերը մտածում են բիզնեսը այլ երկրներ տեղափոխելու մասին` տիկին Հավանը, ընդհակառակը, զարգացման պլաններ է մշակում:

- Տիկին Հավան, դուք ձեր բիզնեսը Հայաստանում սկսել եք 10 տարի առաջ: Հիմա՞ է ավելի հեշտ բիզնես վարելը, թե՞ 10 տարի առաջ:

- 10 տարի առաջ ավելի հեշտ էր: Այն ժամանակ ցանկացած նոր միտք աշխատում էր, իսկ այսօր շուկայում նորություն ստեղծելը դժվար է: Հիմա մրցակցությունը շատ սուր է: Երբ «Արտբրիջը» բացեցինք` շուկայում նոր խոսք ասացինք: Երեւանում այն ժամանակ չկար սրճարան, որ լուսավորությունը պայծառ լիներ, իսկ երաժշտությունը` ցածր, թեեւ որպես սրճարան- գրախանութ մենք դեռեւս միակն ենք: Այսօր եթե ցանկանաս հայկական շուկայում նոր խոսք ասել` չափազանց դժվար կլինի:

-  Հայաստանից հեռանալու միտք ունե՞ք:

- Կյանքը ինձ բերել է Հայաստան, կյանքն էլ եթե պետք լինի` ինձ կտանի: Առայժմ` ոչ, հեռանալու միտք չունեմ:

- Ասացիք` մրցակցությունն ուժեղացել է: Իսկ վարչարարության մեջ փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Հիմա դաշտն ավելի զարգացած ու ավելի մշակված է: 10 տարի առաջ բիզնես գրանցելու համար մի քանի օֆիս պետք է այցելեիր, հաճախ չիմանալով` թե ո՞ւր պետք է գնաս: Իմ կարծիքով` հիմա դաշտն ավելի ձեւավորված է, պետության հետ հարաբերություններն ավելի պարզեցված են:

- Կառավարությունն ասում է, թե աջակցում է փոքր բիզնեսին: Դուք այդ աջակցությունը զգո՞ւմ եք:

- Անկեղծորեն` ոչ: Թեեւ ես չեմ էլ պատկերացնում, թե կառավարությունը ինչո՞վ պետք է աջակցի:

- Օրինակ` պետական ծրագրերով էժան վարկավորում կարող եք ստանալ:

- Վարկեր, այո, ինձ անհրաժեշտ են մարզերում ծավալվելու համար: Հիմա միայն Դիլիջանում մասնաճյուղ ունենք, բայց կարելի էր նաեւ այլ քաղաքներում, օրինակ` Վանաձորում բացել:

- Իսկ հարկայինի հետ կարողանո՞ւմ եք յոլա գնալ:

- Ես յոլա գնալու խնդիր չունեմ: Հարկայինը պահանջներ ունի, մենք էլ` պարտականություններ: Միայն էլեկտրոնայինի մասով կարող եմ ասել, որ վստահ չեմ, թե այն հեշտացրել է հաշվապահների աշխատանքը:

- Օրենսդրական դաշտը ձեզ բավարարո՞ւմ է:

- Օրենսդրական դաշտը հաճախակի եւ արագ փոփոխվում է, ու չափազանց արագ են այդ փոփոխությունները կյանքի կոչվում: Օրինակ` աշխատանքային օրենսգիրքն է փոխվել, ու մենք ստիպված ենք բոլոր աշխատանքային պայմանագրերը վերակնքել: Կամ` մարտի 1-ից հեղինակային իրավունքների պաշտպանության նոր օրենքը ուժի մեջ մտավ, բայց շատերը չգիտեն, թե ինչպե՞ս այն կիրառել: Նոր օրենքը պարտադրում է բոլոր CD-ները դրոշմավորել, բայց ինչպե՞ս` օրենքը չի ասում: Մեր հեղինակները վաճառակետից վերցրին իրենց բոլոր CD-ները, բայց երեք շաբաթ հետո ստիպված էինք բոլորին ետ կանչել:

Զրուցեց Սամվել Ավագյանը