Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 7-ին շարունակվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը: Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել են, որ որպես վկա դատարան հրավիրվեն «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ու լրագրող Լուսինե Պետրոսյանը: Վերջինս դատական հայցի առարկա դարձած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հրապարակման հեղինակն է:
Երկրորդ նախագահի փաստաբանները նշել են, որ «հատկապես վիրավորական են» համարում հոդվածի «Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ» կտորը: Իսկ գլխավոր խմբագրին եւ լրագրողին փաստաբանները հրավիրում են դատարան տվյալ որակումների պարզաբանումները լսելու համար:
Թերթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը առարկել է միջնորդությանը` նկատելով, որ հոդվածում տեղ գտած ձեւակերպումները փաստեր չեն, հետեւաբար ապացուցման ենթակա չեն: Դատավոր Էդիկ Ավետիսյանը միջնորդության քննարկումը հետաձգել է մինչեւ փաստերի քննության փուլին հասնելը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցով թերթից պահանջում է հերքել հրապարակված տեղեկությունները եւ վճարել 6 միլիոն դրամ փոխհատուցում, որից 3 միլիոն դրամը՝ զրպարտության եւ վիրավորանքի, իսկ մյուս 3 միլիոնը՝ փաստաբանական ծառայությունների վճարի դիմաց:




























