Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում արձագանքել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը` ընդգծելով, որ Կոնգրեսը սպասում է գործող իշխանության` ի դեմս Սերժ Սարգսյանի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Իսկ ՀԱԿ մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը ՀԱԿ-ի համար հիմք չէ, քանի որ դրանում նշված չէ, որ Կարապետյանն այդ հայտարարությունն անում է որպես Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձ: «Կարող է հայտարարություն անել անգամ Սերժ Սարգսայնի աշխատակազմի պահակը, միայն թե նա պետք է ասի, որ այդ հայտարարությունն անելու համար իրեն լիազորել է Սերժ Սարգսյանը»,-նկատեց Մանուկյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը այսօր` հունիսի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անընդունելի է որակել երկխոսության համար պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը: «Թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին եւ ոչ թե իշխանություն - ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, եւ որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված նոր ձեւաչափերը»,-մասնավորապես նշված է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի պատասխան այդ հայտարարության ՀԱԿ մամուլի խոսնակն ինչպես նաեւ ՀԱԿ այլ ներկայացուցիչներ հայտարարել էին, թե ՀԱԿ-ը սպասում է, թե իրենց առաջարկին «իշխանություններն, ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի ինչ արձագանք կտան»: «Մնացած այլ հայտարարությունները մենք չենք համարում գործող իշխանության պաշտոնական դիրքորոշումը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր Արման Մուսինյանը:




























