ԱԺ աշխատակազմն ամեն ինչ անելու է` կանխելու ԱԺ-ում ձեւավորված արատավոր ավանդույթը, երբ պատգամավորները քվեարկում են մեկը մյուսի փոխարեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման պատրաստակամություն հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը` անդրադառնալով համացանցում հայտնված տեսագրությանը, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես` ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը, ԲՀԿ-ական Ռոբերտ Զաքարյանը, քվեարկում իրենց կողքի պատգամավորների փոխարեն:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հույս հայտնեց, որ արդեն աշնանային նստաշրջանի ժամանակ տեխնիկական որոշ խնդիրներ լուծելուց հետո հնարավոր կլինի բացառել ուրիշի փոխարեն քվեարկությունը: Ղարիբջանյանի խոսքով` պատգամավորներն իրենց գործընկերների փոխարեն քվեարկելիս օգտվում են այն հանգամանքից, որ կողքի բացակա պատգամավորի համակարգիչը միացված է:

«Երբ սկսեց գործել քվեարկության նոր կարգը, ծրագրավորողները քվեարկության քարտերը դրել էին քվեարկության տեղերում, որովհետեւ պատգամավորները քվեարկության նոր կարգին չտիրապետելու պատճառով չէին կարողանում քվեարկել. չգիտեին, թե իրենց քարտն ինչ ուղղությամբ պետք է տեղադրել, որ այն աշխատի: Հիմա արդեն իրենք գիտեն քարտից օգտվելու կարգը»,-ասաց Ղարիբջանյանը` հավելելով, որ գալիք` աշնանային նստաշրջանի ժամանակ արդեն յուրաքանչյուր պատգամավոր իր մոտ է պահելու քարտն ու ԱԺ նիստերի ժամանակ այն գործի դնելով` կատարելու է քվեարկություն:

Նա, սակայն, չբացառեց NEWS.am-ի առաջ քաշած տարբերակը, համաձայն որի` պատգամավորները կարող են կրկին դիմել խորամանկության` իրենց քարտերը տալ գործընկերներին` իրենց փոխարեն քվեարկելու նպատակով: Իսկ ի՞նչ միջոցներ (տույժեր, տուգանքներ) է կիրառելու ԱԺ աշխատակազմը այն պատգամավորների նկատմամբ, ովքեր, համաձայն տեսագրության, քվեարկել են ուրիշի փոխարեն պատգամավորների նկատմամբ: ԱԺ աշխատակազմի ղեկավարն արձագանքեց, թե տույժի լավագույն ձեւն այն է, որ պատգամավորների նման վարքը հասարակական հնչեղություն է ստացել:

Նա նաեւ հավելեց, որ մեր մտահոգությունը կփոխանցի ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանին, որպեսզի աշխատակազմը լինի էլ ավելի ուշադիր ու բացառի «տխուր ավանդույթի շարունակությունը»: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորենրի սովորույթը որակեց «անթույլատրելի եւ դատապարտելի»: «Մասնավորապես վերջին տարիներին դրա պահանջարկն ու անհրաժեշտությունը չկա, քանի որ ԱԺ նիստերի դահլիճում միշտ էլ լինում են անհրաժեշտ թվով մարդիկ եւ քվորումն ապահովված է լինում: Այպես որ` որեւէ պատգամավոր կարիք չունի, որ իր փոխարեն որեւէ մեկը քվեարկի, քանի որ ԱԺ կանոնակարգն է պահանջում նաեւ, որ ամեն մի պատգամավոր պետք է քվեարկի իր տեղը»,-նշեց Նիկոյանը:

Նա նաեւ հավելեց, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները պետք է պատժվեն ոչ այնքան իրավական, որքան բարոյական կոդեքսով: «Նման արարք թույլ տված պատգամավորը պետք է անհարմար զգա եւ ամաչի իր քայլի համար: Պետք է անհարմար զգա եւ ամաչի նաեւ այն պատգամավորը, որ թույլ է տվել, որ իր փոխարեն ուրիշը քվեարկի»,-դեղատոմս առաջարկեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը:

Նշենք, որ ուրիշի փոխարեն քվեարկելը միակ տխուր անվանդույթը չէ, որը գործում է ԱԺ-ում. պատգամավորներից ոմանք նաեւ ԱԺ աշխատանքների ժամանակ զբաղվում են զանազան այլ գործերով` համակարգչով խաղ են խաղում, միմյանց հետ ժամերով զրուցում են, էլ չենք ասում մաստակ ծամելու մասին:

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը

Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի