Բարեգործական կազմակերպություն ստեղծելու գաղափարը ծնվեց Արցախում պատերազմի ժամանակ, երբ սեպտեմբերի 28-ից սկսած ընկերներով օգնություն էինք ցույց տալիս փախստականներին. ընկերներն ու ծանոթները փող էին ուղարկում արտասահմանից, մենք մթերք էինք գնում, հագուստ հավաքում եւ բաժանում փախստականներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռք մեկնիր» ՀԿ կամավորական Պարույր Սինյավսկին:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 500 ընտանիքի. «Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ սնունդ եւ հագուստ բաժանելով մենք չենք լուծում գլոբալ եւ կառուցվածքային խնդիրները: Սննդամթերքն ու հագուստն անհրաժեշտ են փախստականներին առաջին օգնություն ցույց տալիս, բայց հետո ծառանում է կացարանով եւ աշխատանքով ապահովելու խնդիրը, բայց այդ պարտավորությունները պետք է ստանձնի պետությունը: «Փախստականներին ռեալ օգնելու համար անհրաժեշտ է նրանց համար աշխատանք գտնել, մենք սկսել ենք այն մարդկանց աշխատանքի տեղավորել, որոնք մասնագիտություն ունեն. աստիճանաբար սկսեցինք մարդկանց աշխատանքի տեղավորել՝ մեկին փոքր սրճարանում, որտեղ ժինգյալով հաց են թխում, մեկ ուրիշին՝ վարորդի աշխատանքի, երրորդին՝ դայակի: Հետո ուշադրությունը կենտրոնացրինք երիտասարդների վրա, «Ատեքս» ստուդիայում տեղավորեցինք մոդելավորմամբ զբաղվել երազող աղջկան, որտեղ նա դասընթաց է անցնում, մեկ ուրիշ աղջկա՝ հայտնի դիզայներ Ֆաինա Հարությունյանի ատելյեում, մի քանի երեխաների՝ երաժշտական դպրոցներում: Երեք կին շատ հայտնի հրուշակարաններում ուսուցում են անցնում՝ աշխատանքի ընդունելու պայմանով»:
Սինյավսկին նշեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում ընդունվեց բարեգործական կազմակերպություն ստեղծելու մասին. «Մեր ջանքերը կենտրոնացվելու են փախստականներին արհեստի կամ մասնագիտության ուսուցանելու դասընթացների կազմակերպման վրա, ինչը նրանց կօգնի աշխատանքի տեղավորվել: Այսպես ստեղծվեց «Ձեռք մեկնիր» մեր ՀԿ-ն, որը գոյատեւում է ամբողջությամբ այն միջոցների հաշվին, որոնք մեզ արտասահմանից ուղարկում են մեր ընկերները: Մենք փոքրիկ գրասենյակ ունենք Կոմիտասի պողոտայի վրա գտնվող բնակարանում, որտեղ դասընթացներ ենք կազմակերպել Արցախից փախստականների եւ Հայաստանից զինծառայողների ընտանիքների անդամների, պատերազմի հետեւանքով տուժածների, ինչպես նաեւ անապահով ընտանիքների համար: Մեր նպատակն է մարդկանց ուսուցանել՝ նրանց աշխատանք գտնելու հնարավորություն ընձեռելով: Մեր ՀԿ-ն վայր է, որտեղ բոլոր տարիքի մարդկանց գործնական գիտելիքներ են տրամադրում. այս պահին մեզ մոտ մեկնարկել են գրաֆիկական դիզայնի եռամսյա դասընթացները, որոնք անցկացնում է այս ոլորտում հայտնի Սոնա Մանուկյանը: Մենք գնել ենք օգտագործված նոթբուքեր եւ տրամադրել ուսանողներին: Նախապես ծրագրվում էր հավաքել մեկ խումբ, բայց ցանկացողները շատ էին, այնպես որ՝ ստեղծեցինք երկու խումբ, ընդ որում՝ ուսանողների մի մասը գալիս է մարզերից: Դրանից բացի, մենք կազմակերպել ենք կարուձեւի դասընթացներ, որը վարում է Պայծառ Պետրոսյանը: Մեր ծանոթների շնորհիվ մենք ձեռք ենք բերել կարի մեքենաներ եւ խումբ հավաքել, որում Արցախից կանայք սովորում են կարի վարպետություն, իսկ դասընթացն ավարտելուց հետո մենք կփորձենք նրանց աշխատանքի տեղավորել: Միաժամանակ մեկնարկել են կայքերի ստեղծման եւ զարգացման դասընթացները, մարքեթինգի դասընթացները, ծրագրեր ենք քննարկում առաջատար IT ընկերություններից մեկի հետ ուսուցման համատեղ ծրագրի շուրջ: Նշենք, որ անվճար դասընթացներում սովորում է մոտ 40 մարդ»:
Նրա խոսքով՝ ՀԿ-ին ուղարկված միջոցներով ուսանողների համար ձեռք են բերվել նոթբուքեր եւ կարի մեքենաներ, ինչպես նաեւ կազմակերպության համար տարածք է վարձակալվել:
Ֆինանսական օգնություն ցուցաբերել ցանկացողների համար՝
Ստացող՝ Lend a hand NGO
«Ձեռք մեկնեիր» բարեգործական հասարակական կազմակերպություն
Հայկական դրամ՝ 2052822190421001


































