Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այսօր` հունիսի 9-ին մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը եւ անփոփոխ թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի թերթը պարտավոր է հատուցել է ԱԺ երեք հանրապետական գործարար պատգամավորներին պատճառած վնասը:

Հիշեցնենք, որ փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել էր հանրապետական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ` պարտավորեցնելով  թերթին հերքում տպագրել, ինչպես նաեւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ, որպես նրանց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

«Հայկական ժամանակ» թերթի «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ երեք պատգամավորների անունները: Թերթը նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման հետ:

Սա վերջին 1 տարվա ընթացքում «Հայկական ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է:

Անցած տարի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջով դատարան էր դիմել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը այս հայցադիմումը եւս մասամբ էր բավարարել. «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ: Հաղորդում է «Ազատությունը»: