Հայաստանը Doing business-2012-ում իր դիրքը կբարելավի 5-6 կետով: Այդ մասին NEWS.am-ին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով` այն բարեփոխումները, որ իրականացվել եւ իրականացվում են, էապես բարելավել են բիզնես միջավայրը, եւ կարտացոլվեն Հայաստանի միջազգային վարկանիշերում:

Մասնավորապես` հարկային հաշվետվությունների կրճատումը, լիցենզիաների թվի կրճատումը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականության նվազումը, բիզնեսի գրանցումների պարզեցումը դրական կանդրադառնան Doing business-ում Հայաստանի վարկանիշի վրա:

Տ. Դավթյանի տեղեկացմամբ` ներկայում բարեփոխումների երկրորդ փաթեթն է մշակվել`ավելի խորը բարեփոխումների ծրագրով:

Սակայն, ըստ նախարարի, Doing business-ը մի փոքր ուշացումով է հրապարակվում եւ արտահայտում է ոչ թե տվյալ պահի, այլ նախորդ տարվա իրավիճակը: «Ցավոք սրտի, այն ինչ անում ենք` նոր հաշվետվության մեջ չի արտահայտվի: Սակայն այն, ինչ արել ենք` մեզ իրական առաջընթաց կապահովի, առնվազն 5 կետի շրջանակներում»,- ասաց Տ. Դավթյանը: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանի դիրքը մեծ չափով կախված է մեր մրցակից պետությունների գործողություններից:  «Այս տարածաշրջանում շատ լավ մրցակցություն կա: Բացարձակ առումով միանշանակ մեր ցուցանիշները կբարելավենք, իմ կարծիքով` մենք ավելի շատ ենք անում, քան տարածաշրջանի եւ աշխարհի  մյուս պետությունները»,- ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Որպեսզի այլ երկրներից հետ չմնանք, ըստ Տ. Դավթյանի, բարեփոխումներն ավելի արագ պետք է կատարենք, քան` մյուսները:

Հիշեցնենք, որ Doing business 2011-ում Հայաստանը զբաղեցնում է 48-րդ տեղը: