Սպիտակ տունը Պետքարտուղարությունից հետո կտրականապես հերքել է տեղեկությունները, թե Հիլարի Քլինթոնը ցանկանում է զբաղեցնել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, մեկնաբանելով այդ տեղեկությունները, հայտարարել էր, թե դրանք «բացարձակապես սխալ են», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ԱՄՆ նախկին առաջին տիկինը մեկ անգամ եւս հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին: 63-ամյա Քլինթոնը նշել է, թե ցանկանում է ամբողջությամբ նվիրվել աշխատանքին առաջիկա երկու տարիների ընթացքում:

Քլինթոնը նաեւ մտադիր չէ աշխատել Օբամայի թիմում 2012թ. ընտրություններից հետո ո’չ փոխնախագահի, ո’չ պետքարտուղարի, ո’չ էլ պաշտպանության նախարարի պաշտոններում:

Նշենք, որ տեղեկությունը, թե Քլինթոնը մտադիր է ՀԲ նախագահ դառնալ, նախօրեին տարածել էր Reuters գործակալությունը` վկայակոչելով անանուն աղբյուրները: