VH-Music փրոդաքշնը, որը ձախողել էր Սառա Քոնորի մասնակցությամբ նախատեսվող երեւանյան համերգը եւ միջոցառման տոմսեր գնած քաղաքացիներին միլիոնավոր դրամներ պարտք մնացել, որոշել է հաջորդ շաբաթ դատական հայց ներկայացնել Հանրային հեռուստաընկերության «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի մեկնաբան  Արտակ Ալեքսանյանի դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ VH-Music փրոդաքշնի տնօրեն Վահե Հարությունյանը։

«Պատճառը մեր հասցեին արված զրպարտությունն է, համաձայն որի, մեր ընկերերությունն, իբր, Սառա Քոնորի հետ Հայաստանում կայանալիք համերգի պայմանագիր չի ունեցել եւ խարդախության է դիմել՝ հայտարարելով նրա մասնակցությամբ կայանալիք միջոցառման մասին։ Բայց ես հայտարարում եմ, որ համաշխարհային մեծության աստղի հետ պայմանագիր չկնքել եւ նրա  մասնակցությամբ համերգի մասին օդում հայտարարել ուղղակի հնարավոր չէ։ Այդ է պատճառը, որ մենք հեռուստաընկերության եւ լրագրողական թիմի թույլ տված կոպիտ սխալի համար որոշել ենք դատի տալ Հ1-ի այդ հաղորդաշարի մեկնաբանին»,- բացատրեց Հարությունյանը։

Անդրադառնալով Սառա Քոնորի մասնակցությամբ այդպես էլ չկայացած երեւանյան համերգի տոմսերի գումարները վերադարձնելու թեմային՝ VH-Music փրոդաքշնի տնօրենը վստահեցրեց, որ տուժած քաղաքացիներին գումարները կվերադարձվեն մինչեւ սեպտեմբեր։

Հարցին, թե ինչ երաշխիքնե՞ր կան, որ փոխհատուցումները կկատարվեն նշված ժամանակահատվածից ոչ ուշ, Վահե Հարությունյանը նշեց, որ մարդկանց վճարելու է «սեփական գրպանից»։

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ VH-Music փրոդաքշնն իրենցից համերգի տոմս գնած քաղաքացիներին եւ հիմարրկություններին այսօրվա դրությամբ պարտք է ընդհանուր առմամբ 15 մլն դրամ, որից վճարել է ընդամենը 1,8 մլն դրամը։

Հիշեցնենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու: