Իշխող կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ ընդդիմության հետ հարաբերությունները միջազգային խնդիր չէ, որ բանակցելու համար պատվիրակություններ կազմելու խնդիր առաջանա: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հավելելով, որ այսօր էլ երկխոսությունն սկսված է ու շարունակվում է հեռակա կարգով:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ը սպասում է անձամբ երկրի նախագահի պատասխանին, հանրապետական պատգամավորն ասել է, թե նախագահն արդեն պատասխան տվել է կուսակցականների բերանով: «Բոլորս էլ գիտենք, որ կուսակցության նախագահը, նաեւ երկրի նախագահը ավելի շատ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ է խոսում:
Իսկ երկխոսության ու բանակցությունների մասին բազմիցս ասել ենք, ուրիշ բան, որ դա ՀԱԿ-ին չի գոհացնում: Դա իրենց պրոբլեմն է: Ասեմ, որ մեր կուսակցության նախագահն է որոշում կայացնում, թե ով ում եւ ոնց պիտի պատասխանի»,- ընդգծել է Ավետիսյանը:




























