«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Շիրակի մարզում աննախադեպ  ակտիվություն է դրսեւորում. կուսակցության մարզային ղեկավարներն սկսել են բարեգործական ակցիաներ կազմակերպել`այցելում են ծննդատուն, ծերանոց եւ այլն: Դպրոցի ԲՀԿ-ական տնօրենները երեխաների համար տարբեր միջոցառումներ են կազմակերպում, անպայման նշելով, որ դրա հեղինակը Գագիկ Ծառուկյանն է:

Օրինակ, Գյումրիի 24-րդ դպրոցի ԲՀԿ-ական տնօրեն Հակոբ Հակոբյանն իր դպրոցի երեխաներին տանում է Երեւան` գազանանոց, ապա ռեստորան` բացատրելով, որ այդ հանգիստը իրենց համար կազմակերպել է ԲՀԿ առաջնորդը:

Այս առնչությամբ, հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ կուսակցությունները բոլորն էլ ակտիվացել են եւ պատարստվում են ընտրությունների: «Չմոռանանք, որ ցանկացած քաղաքական ուժ ունի ձգտում: Ինչի՞ է ձգտում կուսակցությունը, քաղաքական ուժը. բնական է իշխանության, որ իշխանության մեջ լինի, իսկ առջեւում ընտրություններ են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի ժամանակից շուտ ակտիվությունը բացատրվում է խորհրդարանում երկրորդ տեղի իր դիրքերը կորցնելու կամ ՀԱԿ-ին զիջելու մտավախություններով, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Ոչ միայն ԲՀԿ-ի, քաղաքական մյուս ուժերի մոտ էլ անհանգստություն կա: Բայց ինչո՞ւ պիտի երկխոսություն չլինի, ինչո՞ւ պիտի մեր հարցերը քաղաքակիրթ ձեւով չլուծենք: Անպայման պիտի փողոցային ձեւո՞վ լուծենք մեր խնդիրները, ինչ է»,-ասել է հանրապետական պատգամավորը: