Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնը» եւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման գծով մասնագետների պատրաստման մագիստրոսական համատեղ ծրագիր են մշակում, որը  գործելու  է 2011-ի սեպտեմբերից։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս  մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ  տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը։

«Օրերս մեր կենտրոնի եւ Վ. Բրյուսովի անվան համալսարանի միջեւ պայմանագիր է ստորագրվել, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք գիտակրթական ծրագրեր:

Տվյալ նախաձեռնության շրջանակներում իրականացվելու է նաեւ տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման ապագա մագիստրոսների պատրաստում: Նյութատեխնիկական  բազան կտրամադրվի բուհի կողմից, իսկ կենտրոնը կրթական գործընթացներում կներգրավի ոլորտում գործող լավագույն մասնագետներին:

Ընդ որում, մագիստրատուրայում կարող են սովորել ոչ միայն լեզվաբանական համալսարանի շրջանավարտները»,- ասաց Սաղաթելյանը` շեշտելով, որ տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու PR-ի, ինչպես նաեւ հաղորդակցման այլ արդի գիտակարգերի  դասավանդմանը։

Պատասխանելով մեր հարցին` ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» տնօրենը նշեց, որ այս դեպքում նախաձեռնությունը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանինն էր, բայց իրենց կենտրոնը բաց է համագործակցության համար` բոլոր շահագրգիռ գիտական ու կրթական հաստատությունների  հետ. «Պայմանագրի ստորագրումից անցել է երկու օր եւ նշված մասնագիտացմամբ,  մեր տեղեկություններով, արդեն հետաքրքրված են շուրջ 20 երիտասարդներ»,- ամփոփեց  Սաղաթելյանը։