Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսալեզու լրատվամիջոցների Համաշխարհային կոնգրեսում ելույթ ունենալիս մոռացել է «Հրապարակային տեղեկատվության մատչելիության մասին» օրենքի անվանումը, այս մասին հաղորդել է «УНИАН» գործակալությունը:

Յանուկովիչն ասել է, որ ուկրաինական լրատվամիջոցներում այժմ ավելի շատ հանդես է գալիս ընդդիմությունը, քան` իշխանությունը, «Մենք ստեղծել ենք նորմալ պայմաններ մեր հասարակության մեջ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, մենք ընդունել ենք օրենք…»,- ասել է Ուկրաինայի նախագահը եւ սկսել է կմկմալ:

Երկար դադարից հետո նա դիմել է հավաքվածներին. «Ինչպե՞ս է այն մեզանում կոչվում»: Օրենքի վերնագիրը նրան հուշել են առաջին շարքում նստածները:

«Հրապարակային տեղեկատվության մատչելիության մասին» եւ «Տեղեկատվության մասին» օրենքները Յանուկովիչը ստորագրել է փետրվարի 3-ին: Օրենքով ամրագրված է, որ պաշտոնյաների ցանկացած տեղեկատվություն պետք է մատչելի լինի հասարակության համար:  Բացառություն են միայն գաղտնիք համարվող ծառայողական տեղեկությունները: