Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրող հայկական ծագմամբ 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները ֆրանսահայ համայնքի հետ որեւէ կապ չունի, համայնքի որեւէ կազմակերպության կամ հոսանքի մեջ չի մտնում: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը: «Իբրեւ հայ թեկնածուի` մենք ոչ մի ձեւով չեն ստանձնել նրան պաշտպանելու առաքելությունը: Ֆրանսիայի հայ համայնքը ոչ պաշտպանելու է, ոչ էլ դեմ է լինելու նրա թեկնածությանը: Դա անձնական նախաձեռնություն է»,- ասաց Հրաչ Վարժապետյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, հայկական ծագմամբ 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները` տաքսու վարորդի որդին, առաջադրելու է իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում 2012թ.: Վերների մայրը հայուհի Ֆլորենս Կրեկջյանն է: Նրա նախընտրական ծրագիրը ներկայացված է «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք: 89 առաջարկ 2012-ի համար» գրքում: Վերների առաջարկներից մեկն է մեքենա վարելու իրավունքի անվճար տրամադրումը: Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն, որպեսզի ներկայացնի իր գաղափարները:
Հայկական լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կային, թե Վերների թեկնածությունը սենսացիա է դարձել Ֆրանսիայի համար, նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, թերթային հրապարակումների հերոսն է դարձել: «Մինչդեռ պետք է ասեմ, որ այդ լուրը` թե մամուլը եւ հեռուստատեսությունը իր մասին է խոսում չափազանցված է, ընդամենը մի երկու երկրորդական լրատվամիջոցներ մի երկու հաղորդմամբ են անդրադարձել իրեն»,- ասաց Հրաչ Վարժապետյանը:




























