Թուրքական Բուրսա քաղաքի «Ենի Շեհիր» (Նոր քաղաք) օդանավակայանն ամբողջությամբ փակ է: Հայկական պատվիրակության անդամները՝ (ազգային հավաքականի խաղացողներն ու լրագրողները) ներկայումս օդնավակայանից մեկնում են հյուրանոցներ, որտեղ էլ գտնվելու են մինչեւ Հայաստան-Թուրքիա խաղի ավարտը: Խաղը կայանալու է հոկտեմբերի 14-ին՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում: Այստեղ են նաեւ Հայաաստանի անվտանգության ծառայությունների 30 աշխատակիցներ: Լրագրողներին արգելվել է լուսանկարել օդանավակայանի տարածքը, հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Բուրսայից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի հետ առաջին հանդիպումը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, եւ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն է կրել: Ինչպես արդեն նշվել է, մեր թիմին պատասխան խաղում դժվարին փորձություն է սպասվում՝ չնայած, որ թուրքական թիմն արդեն կորցրել է ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները: Նա կորցրել է հնարավորությունները, բայց ոչ մոտիվացիան՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. խաղում է տանը, իր երկրպագուների առջեւ, հետեւաբար փորձելու է ընդհանուր առմամբ տանուլ տված սեզոնն ավարտել վերելքով: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպման առանձնահատուկ ենթատեքստը:
Նշենք, որ կայանալիք մրցախաղը դարձել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքական գործընթացների մասը: Հիշեցնենք նաեւ, որ առաջին խաղի ընթացքում՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որ ժամանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Թուրքիայի նախագահը պատասխան քայլ կատարեց՝ պաշտոնական հրավեր ուղարկելով Հայաստանի նախագահին: Սակայն այս պահին դեռ պարզ չէ՝ կընդունի՞ Գյուլի հրավերը Սարգսյանը։ Սկզբնապես նախագահի դիրքորոշումը պայմանավորված էր վերջին օրերի զարգացումներով եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների ստորագրմամբ:




























