Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի ընտանիքին վտարել են տնից, որում նրանք ապրել են ավելի քան 12 տարի: Ինչպես հայտնում է «Դանաս» թերթը, Գերագույն դատարանը որոշում է կայացրել վերացնել Միլոշեւիչի կնոջ եւ դստեր ունեցվածքային իրավունքները Բելգրադի Դեդենյե էլիտար շրջանում գտնվող առանձնատան վրա:

Գերագույն դատարանի համաձայն, 95 քմ մակերեսով շինության արժեքը 1999թ. արհեստականորեն նվազեցվել էր, եւ Միլոշեւիչը գնել էր այն պետությունից 5 հազար գերմանական մարկով:

Տան իրական արժեքը կազմում է տվյալ պահին 120 հազար եվրո, եւ Միլոշեւիչի ընտանիքին 52 հազար եվրո փոխհատուցում է առաջարկվել: Նրանք կարող են բողոքարկել վճիռը 15 օրվա ընթացքում:

Հարավսլավիայի նախկին նախագահը մահացել էր 2006թ. մարտի 11-ին միջազգային քրեական դատարանի բանտում: