Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի վերջին տասնամյակի խորհրդանիշ, նաեւ անհաջողությունների հոմանիշ Միխայել Բալլակն ավարտել է կարիերան ազգային հավաքականում: Այդ մասին հայտարարել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Բայերի 34-ամյա կիսապաշտպանն արդեն մեկ տարի չի խաղացել ազգային հավաքականում, որի կազմում 1999 թվականից անցկացրել է 98 հանդիպում, այդ թվում 55 խաղ ավագի թեւկապով: Նա դարձել է 42 գոլի հեղինակ, ինչը կենտրոնական կիսապաշտպանի համար բացառիկ արդյունք է:

Սակայն Բալլակի անունը զուգորդվում է նաեւ Գերմանիայի հավաքականի անհաջողությունների հետ: 2002թ. աշխարհի առաջնության տանուլ տված եզրափակիչում Բալլակը որակազրկման պատճառով չկարողացավ խաղալ բրազիլացիների հետ, իսկ 2008թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում Բալլակի մասնակցությամբ Գերմանիան պարտվեց իսպանացիներին: Բալլակը նաեւ երկու անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: 2002 թվականին նրա Բայերը տանուլ տվեց Ռեալին, իսկ 2008թ. եզրափակիչում Չելսին Բալլակի հետ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին: