ԱԺ առաջիկա ընտրություններում Ավան վարչական շրջանում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունի նախկին ԲՀԿ-ական, Գեւորգ Պետրոսյանը, ով մի քանի ամիս աշխատեց որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եւ աղմկոտ պաշտոնանկությունից հետո լքեց կուսակցությունը: Այս ընտրատարածքում ընտրությունները խոստանում են լինել ինտրիգային, քանի որ Ավան վարչական շրջանը համարվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «թագավորությունը»: Ըստ մամուլի հրապարակումների, սակայն, Ռուբեն Հայրապետյանի դիրքերը թուլացել են, եւ նա այլեւս չի առաջադրվելու պատգամավոր: Բացի այդ` իշխանությունները մտադիր են հաջորդ խորհրդարանը կառուցել այլ տրամաբանությամբ` ԱԺ մուտք գործելու «երաշխավորագիր» տալով բանիմաց եւ հասարակության մեջ քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդկանց:
Գեւորգ Պետրոսյանը, ինչպես նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որոշել է օգտվել այդ հանգամանքից եւ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:
-Այն ձեւակերպմանը, թե Ռուբեն Հայրապետյանի դիրքերը թուլացել են, համաձայն չեմ: Ես խնդիր չունեմ, սպասել, որ ինչ-որ մեկի դիրքերը թուլանան, կամ ուժեղանան, որ նոր հայտ ներկայացնեմ պատգամավոր դառնալու համար: Իմ անձնական կամ գործնական քայլերը կախման մեջ չեմ դնում այլ անձանց որոշումներից եւ գործողություններից: Պարզապես իմ մեջ ԱԺ-ում աշխատելու ցանկությունը միշտ էլ եղել է, քանի որ մասնագիտությամբ իրավաբան եմ, եւ լավ եմ տիրապետում սոցիալական, տնտեսական ոլորտի օրենսդրությանը, եւ ցանկալի կլիներ իմ աշխատուժն օգտագործել ԱԺ-ում: Իմ` պատգամավոր դառնալու որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահի այն հայտարարությամբ, ըստ որի` նա ցանկանում է գալիք ԱԺ-ում տեսնել մասնագետների:
Այդ դեպքում` ինչո՞ւ ավելի վաղ չհայտնեցիք Ձեր մտադրության մասին եւ ավելի վաղ չառաջադրվեցիք:
Ես միշտ էլ մտածել եմ այդ մասին, սակայն նկատի ունենալով ներկայիս ԱԺ-ի պատգամավորների մեծամասնության որակները, ովքեր խորհրդարանում հայտնվել են բնավ ոչ պատգամավորական գործունեություն իրականացնելու համար, ձեռնպահ եմ մնացել առաջադրվելուց: Մտածել եմ, որ ես փոքրամասնություն եմ կազմելու եւ մանդատն ինքնանպատակ է դառնալու: Իսկ երբ ՀՀ առաջին դեմքը հայտարարեց նոր որակի ԱԺ ունենալու մասին, դա իմ մեջ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ցանկություն առաջացրեց: Սակայն վերջնական որոշման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ես դեռ պետք է եւս մեկ անգամ ծանր ու թեթեւ անեմ, մարդկային ու մյուս ռեսուրսներս հաշվարկեմ, նաեւ որոշակի հարցերում համաձայնություններ ձեռք բերեմ կոնկրետ ընկերների հետ…Այնպես որ` չեմ կարող այս պահին ստույգ պնդել, որ 100 տոկոսով որոշել եմ պատգամավոր առաջադրվել:
Իսկ չե՞ք մտածում այն մասին, որ թեկնածություն եք առաջադրելու Ռուբեն Հայրապետյանի դեմ, ով Ավանում հայտի է իր անսահմանափակ ազդեցությամբ:
Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ, նույն բակի բնակիչներ ենք: Ես չեմ էլ հետաքրքրվել` նրա դիրքերն ուժեղանում են, թե` թուլանում, պարզապես ես ծանոթ եմ նրա հայտարարությանը, թե չի ցանկանում կրկին պատգամավոր դառնալ, քանի որ ԱԺ-ն իր տեղը չէ, եւ հավելել, որ իր թեկնածության առաջադրման վերջնական որոշումը պետք է կայացնի կուսակցությունը: Այստեղ չի խոսվում ինչ-որ մեկի թուլանալու կամ ուժեղանալու մասին: Ես 38 տարեկան եմ, մինչեւ հիմա ապրել եմ միայն իմ կյանքով, սակայն այժմ ուզում եմ ապրել հասարակական կյանքով, կրողը լինել խնդիրների եւ դրանց լուծողը լինել եւ կարծում եմ, որ ինձ հակացուցված չէ ԱԺ-ում լինելը: Մինչդեռ գործող ԱԺ–ում հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնց աթոռները հոգնել են իրենց անգործ հեծյալներից:
Մոտ մեկ տարի առաջ լքեցիք ԲՀԿ-ն, այժմ այլ կուսակցության անդամագրվե՞լ եք:
Ոչ, անկուսակցական եմ, ինչը նպաստում է նաեւ իմ որոշումների անկախությանը:
Առաջադրվելու պարագայում ակնկալո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կաջակցի Ձեզ` որպես նախկին կուսակցի, թե՞ փորձելու եք այլ կուսակցությունների աջակցությունը ստանալ:
Չեմ ակնկալում աջակցությունը ԲՀԿ-ից, քանի որ կուսակցությունից դուրս եկած մարդ եմ եւ այդ առումով ինձ այլեւս ԲՀԿ-ն չի հետաքրքրում: Իսկ ինչ վերաբերում է սատարելուն, ապա այդ առաքելությունը պետք է ստանձնի ընտրողը, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը: Եւ երբ ասում եմ, թե պետք է ծանր ու թեթեւ անեմ իմ շանսերը, նկատի ունեմ` իմ, որպես պատգամավորի հասարակական պահանջն ուսումնասիրելն է, այլ ոչ թե ինչ-որ անձի կամ սուբյեկտի հովանավորությունը ստանալը: Եթե պարզվի, որ հասարակական աջակցություն չեմ վայելում, ես երբեք չեմ առաջադրվի, քանի որ այն մարդկանցից չեմ, ով պատիվը փոխանակում է համբավի հետ: Անշուշտ կարեւոր է նաեւ կուսակցությունների աջակցությունը, սակայն ես ճանապարհ կգնամ միայն այն ուժերի հետ, ում իրական նպատակը Հայաստանում օրինականության, իրավակարգի հաստատումն է, երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումը եւ այլն:
Կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ բացառում եք Ձեր համագործակցությունը:
Իհարկե, դա ԲՀԿ-ն է, որովհետեւ եթե ես ասեմ, որ չեմ բացառում, ես ինձ կսփոփեմ այն մտայնությամբ, թե տեսականորեն կյանքում ոչինչ բացառված չէ: Կան բաներ, որոնք ողջամտորեն բացառելի են, կոնկրետ այս դեպքում դա համագործակցությունն է ԲՀԿ-ի հետ: Տրամաբանական էլ չի լինի, որ ես կրկին միանամ մի կուսակցության, որից դուրս եմ եկել:
Դուք մոտ կես տարի պաշտոնավարել ենք նաեւ որպես նախարար: Ձեր պաշտոնանկության իրական պատճառները մինչեւ այժմ շարունակում են մութ մնալ հասարակության համար: Կլուսավորե՞ք, թե ինչ պատճառով հեռացաք պաշտոնից:
Ես այդ հարցի վերաբերյալ նոր բան ասել չեմ կարող, ընդհանուր մի բան ասեմ` միշտ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր առաջ գնալուց հետ են նայել, կամ հետ գնալուց` առաջ: Ես հիմա առաջ եմ նայում եւ առաջ գնում: Մի բան կարող եմ ասել ու պնդել ցանկացած անձի ներկայությամբ եւ ատյանում` ես իմ պաշտոնավարման վեց ու կես ամիսների համար չեմ ամաչում, քանի որ որեւէ հակաժողովրդական, հակահասարակական եւ հակաիրավական քայլ չեմ արել, ավելին` օրենքի շրջանակներում ինձանից կախված ամեն ինչ արել եմ` շահառուների շահերը ըստ արժանվույն պաշտպանելու համար: Իսկ եթե առանձին մարդիկ այլ գնահատական են տվել իմ աշխատանքին, դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում: Ես այսօր ազատ շրջում եմ մարդկանց մեջ, եւ եթե ինչ-որ մարդու ես ի պաշտոնե վատ բան արած լինեի, ապա իմ նկատմամբ մինչեւ հիմա հաստատ հաշվեհարդար տեսած կլինեին:
Զրուցեց Ելենա Գեւորգյանը




























