Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ ԿԺԴՀ-ում իրավիճակն ավելի վատ է, քան երբեւէ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Կուսակցության համագումարի որոշումների կատարումը, որոնք ուղղված էին սոցիալիստական գործերի մեր ոճի բարելավմանը, տնտեսական աշխատանքի շոշափելի փոփոխություններին եւ զարգացմանը, մարդկանց կենսամակարդակի բարելավմանը... նույնիսկ ամենավատ իրավիճակում, որում մենք ստիպված ենք աննախադեպ թվով մարտահրավերներ հաղթահարել, կախված է դերից, որն ունեն կուսակցության բջիջները»,- ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության բջիջների քարտուղարների վեցերորդ համաժողովին:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը քննադատել է կուսակցության ստորին շարքերին չճշկտված «թերությունների» համար եւ կոչ է արել անհապաղ շտկել դրանք, որպեսզի կուսակցությունը կայուն եւ առողջ կերպով զարգանա: ԿԺԴՀ-ում կուսակցական բջիջները հինգից 30 մարդ են ներառում: Դրանք կուսակցության ամենամանր միավորներն են, որոնք զբաղվում են աշխատանքի վերահսկմամբ գործարաններում եւ այլուր:
Associated Press-ի փորձագետները կարծում են, որ համավարակի հարվածը Հյուսիսային Կորեայի տնտեսությանը, որն արդեն տառապում է տասնամյակների վատ կառավարումից եւ ԱՄՆ պատժամիջոցներից, ԿԺԴՀ առաջնորդին դժվարին վիճակի մեջ են դրել նրա կառավարման ողջ ընթացքում:
Փետրվարին Կիմ Չեն Ընը քննադատել էր իր կաբինետը երկրի տնտեսական հետընթացի համար եւ աշխատանքից հեռացրել էր գլխավոր տնտեսագետին՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար:





























