Հունիսի 17-ին Բոստոնում մահացել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրին` Ելենա Բոները: Նրա մահվան մասին լուրը սակայն հայտնի է դարձել հունիսի 19-ին:
Բոներն ամուսնացել է Սախարովի հետ 1972 –ին, ում հետ ծանոթացել էր այլախոհների նկատմամբ դատական գործերից մեկի ժամանակ: Նույն թվականին էլ Բոները հեռացել էր ԽՄԿԿ-ից: 1975թ-ին նա ներկայացրել է Սախարովին` Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ:
1976 թ-ին Բոներն ստորագրել է Մոսկովյան հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթուղթը, իսկ 1980-ականներին անմիջական մասնակցություն է ունեցել «Հուշամատյան» եւ «Մոսկովյան տրիբունա» իրավապաշտպան կազմակերպությունների ստեղծմանը:
Մինչեւ 1994 թ. եղել է Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, սակայն հետո անհնար է համարել համագործակցությունը նախագահի վարչակազմի հետ, որն սկսել էր ռուս-չեչենական պատերազմը:
Բոների հայրը Գեւորգ Ալիխանյանն էր, ով գնդակահարվել էր 1938թ-ին, մայրը` Ռութ Բոները, դատապարտվել էր ութ տարվա աքսորի:




























