Ֆրանսիայում դատարանը ուրբաթ՝ ապրիլի 9-ին, 35-ամյա ջիհադիստ Ռեդա Համեին, ով ձերբակալվել էր 2015-ի օգոստոսին, 14 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա խոստովանել է, որ իրեն Սիրիայում հավաքագրել է Աբդելհամիդ Աբաուն, ով 2015-ի նոյեմբերի 13-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից Փարիզում կատարված ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչն է համարվում, հայտնում է DW- ն:

Համեն, սակայն, հրաժարվել է ընդունել, որ մասնակից է եղել հարձակումների պլանավորմանը: Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը նրան 12 տարվա ազատազրկման էր դատապարտել, սակայն Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը համարել էր, որ այդ պատժաչափը չափազանց մեղմ է եւ վիճարկել էր այն՝ 20 տարվա պատիժ պահանջելով ջիհադիստի համար: Արդյունքում, դատարանը բողոքարկումն ամբողջությամբ չէր բավարարել:

2015-ի նոյեմբերի 13-ին ջիհադիստական ​​խմբավորումը Փարիզում մի շարք հարձակումներ էր իրկանացրել, որոնց արդյունքում 130 մարդ էր զոհվել, ավելի քան 350-ը վիրավորվել էր: Ահաբեկիչներին հաջողվել էր մի քանի պայթյուն իրականացնել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, պատանդներ վերցնել «Բատակլան» համերգասրահում եւ կրակ բացել մի քանի սրճարանների եւ ռեստորանների այցելուների վրա:

Սեպտեմբերին այս հարձակումների գործով լայնամասշտաբ դատավարություն է նախատեսվում Փարիզում, որտեղ որպես հայցվոր շուրջ 1700 մարդ հանդես կգա, հիմնականում՝ զոհերի հարազատները կամ հարձակումների արդյունքում ողջ մնացածները: