Հայաստանը պարտական է Ելենա Բոներին իր անձնական գործունեության եւ ղարաբաղյան խնդրի օբյեկտիվ լուսաբանման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Նրա առաջին արժանիքն այն է, որ նա իր ամուսնու` ակադեմիկոս Անդրեյ Սախարովի ուշադրությունը հրավիրեց ղարաբաղյան խնդրի վրա, եւ մեծ գիտնականը համարաժեք արձագանքեց եւ մինչեւ իր կյանքի վերջը պնդում էր ղարաբաղյան խնդրի` մարդասիրական եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծման անհրաժեշտության վրա»,- նկատեց Ալավերդյանը:

Նա նաեւ նկատեց Ելենա Բոների անգնահատելի դերը հանրությանը «Կոլցո» տխրահռչակ գործողության մասին տեղեկացնելու մեջ: «Բոներն ու Սախարովը մամուլի ասուլիս հրավիրեցին եւ  շնորհիվ այդ ասուլիսի նյութերի աշխարհն իմացավ իրերի իրական ընթացքի մասին: Հիշեցնեմ, դա խորհրդային շրջանում, երբ խորհրդային մամուլը ցեխ էր շպրտում բոլոր նրանց վրա, ովքեր պայքարում էին իրենց հայրենիքի եւ ազգային արժանապատվության համար»,- ասել է Ալավերդյանը:

Նշենք, որ հունիսի 17-ին Բոստոնում մահացել էր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրին` Ելենա Բոները: Նրա մահվան մասին լուրը սակայն հայտնի էր դարձել հունիսի 19-ին:

Բոներն ամուսնացել է Սախարովի հետ 1972-ին, ում հետ ծանոթացել էր այլախոհների նկատմամբ դատական գործերից մեկի ժամանակ: Նույն թվականին էլ Բոները հեռացել էր ԽՄԿԿ-ից:  1975թ-ին նա ներկայացրել է Սախարովին` Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ:

1976 թ-ին Բոներն ստորագրել էր Մոսկովյան հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթուղթը, իսկ 1980-ականներին անմիջական մասնակցություն է ունեցել «Հուշամատյան» եւ «Մոսկովյան տրիբունա»  իրավապաշտպան կազմակերպությունների ստեղծմանը:

Մինչեւ 1994 թ. եղել է Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, սակայն հետո անհնար է համարել համագործակցությունը նախագահի վարչակազմի հետ, որն սկսել էր ռուս-չեչենական պատերազմը:

Բոների հայրը Գեւորգ Ալիխանյանն էր, ով գնդակահարվել էր 1938թ-ին, մայրը` Ռութ Բոները, դատապարտվել էր ութ տարվա աքսորի: