Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի հայտնի ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն թուրքական «Բեշիքթաշ»-ի նախագահի հրավերով այցելել է Ստամբուլ։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն «Բեշիքթաշ»-ի նախագահ Յըլդըրըմ Դեմիրօրենի հետ այցելել է Ստամբուլի Իսթիքլալի պողոտայում գտնվող առեւտրի կենտրոններից մեկը։ Այդ ընթացքում առեւտրի կենտրոնի դիմաց հազարավոր երկրպագուներ են հայտնվել։
Ֆուտբոլային աստղը առեւտրի կենտրոնի սրճարաններից մեկի պատշգամբ է դուրս եկել եւ կարճ ելույթով հանդես եկել՝ շեշտելով, որ իր նկատմամբ նման հետաքրքրությունն իրեն շատ է ուրախացրել։
Ռոնալդուին տեսնելու, նրանից ստորագրություն վերցնելու համար առեւտրի կենտրոնի դիմաց անասելի աղմուկ ու հրմշտոց է սկսվել, որի ընթացքում մի շարք վիճաբանություններ են տեղի ունեցել։
Ավելի ուշ Ռունալդոն «Բեշիքթաշ»-ի նախագահի հետ մեկնել է Բոդրում։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում գրվել էր, թե «Բեշիքթաշ»-ի նախագահի եւ Ռոնալդուի միջեւ բիզնես սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կողմերը համաձայնության էին եկել հյուրանոցային եւ ռեստորանային ցանցեր ստեղծել՝ 60 մլն եվրո նախնական կապիտալով։































