Երեւանում այսօր` հունիսի 20-ին տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանձնաժողովը հավանության է արժանացրել  մեծ մարդասերի հուշարձանը Երեւանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը:

ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչեւ օգոստոսի 1-ը:  Հանձնաժողովը կդիմի նաեւ Երեւանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար: 

Հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները եւս կփոխանցվեն Երեւանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու եւ տարածքը բարեկարգելու նպատակով: