Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, NEWS..am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Էմիլ Յուզբաշյանը: Հունիսի 18-ին Վահագն Ստամբոլցյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Էմիլ Յուզբաշյանն ասաց, որ Վահագն Ստամբոլցյանի մոտ ինֆարկտ է, վիճակը շատ ծանր էր, իսկ այժմ` ծանր կայուն է: «Սրտային անբավարարություն կա, ցավոք սրտի դեռ կյանքին վտանգ է սպառնում; Շոկային վիճակ է, դեղորայքի միջոցով փորձում ենք ճնշումը կայունացնել, գիտակցությունը տեղն է»,- ասաց նա:
Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանը իր 80-ամյա հոբելյանի արթիվ համերգային շրջագայություններով էր հանդես գալիս: Հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր սիրված երգեհոնահարին: Երգեհոնահարը նշել էր, որ ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության և կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությունը: Նրա հոբելյանին նվիրված 1-ին համերգները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, քանի որ նա ուսումը ստացել է հենց այդ քաղաքում եւ 10 տարի էլ աշխատել այնտեղ: Կապանում իր ելույթից հետո, Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն:




























