ԵԽԽՎ նախագահ, թուրքական ծագմամբ Մեվլութ Չավուշօղլուն չարաշահում է իր լիազորություններն ու բոլոր հնարավոր միջոցներով խանգարում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներին ելույթ ունենալ: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքից:
Նրա հավաստմամբ` երեկ եւ այսօր` համապատասխանաբար հունիսի 20-ին եւ 21-ին, ինքը հերթագրվել է` ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարին, Ուկրաինայի նախագահին եւ ԱԳ նախարարին հարցեր ուղղելու համար, սակայն երբ հերթը հասել է իր ելույթին, Չավուշօղլուն հարցեր տալու ժամանակը հայտարարվել է ավարտված:
«Ես մտադիր էի հարցնել, թե վերոնշյալ պաշտոնյաներն ինչպե՞ս են վերաբերում Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե մտադիր է վտարել այն հայերին, ովքեր աշխատում են Թուրքիայում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն ու նախագահը մեկ անգամ չէ, որ իրենց հրապարակային ելույթներում կարեւորել են մարդու իրավունքների հարգման հարցը»,-նշեց Զոհրաբյանը: Նրա խոսքով` Չավուշօղլուն մեկ անգամ չէ, որ նման խորամակությունների է դիմում: «Սա կարելի է համարել, «չավուշօղլույան ավանդույթ»,-նշեց պատգամավորը:
Նշենք, որ արտասահմանցիների զանգվածային եւ կոլեկտիվ վտարումը արգելվում է միջազգային օրենսդրությամբ: Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` կոլեկտիվ արտաքսումը դա այնպիսի պայմանների ստեղծումն է, որը ստիպում է քաղաքացիներին լքել տվյալ երկիրը:




























