ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լորենցո Ֆոնտանայի գրավոր հարցադրմանը՝ Կարսի Մարդկության հուշարձանի ապամոնտաժման հետ կապված։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  Լորենցո Ֆոնտանան հարցադրման մեջ շեշտել է, որ Մարդկության հուշարձանը նվիրվել էր հայ-թուրքական բարեկամությանը, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն «հրեշավոր» էր անվանել եւ հրահանգել քանդել։

Շտեֆան Ֆյուլեն պատասխանում նշել է, թե իրենք ցավում են, որ Թուրքիայում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված միակ արձանը քանդվեց։ «Ոչ որեւէ հանձնաժողով, կամ պետական որեւէ օրգան չի կարող այդ հուշարձանի էսթետիկ արժեքը որոշել։ Իսկ հուշարձան քանդելը միշտ էլ շատ լուրջ որոշում է։ Եթե խնդիրը հուշարձանի տեղն էր, կարող էին այն պարզապես տեղափոխել»,-ասել է Շտեֆան Ֆյուլեն։

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Այս տարվա ապրիլի 26-ից սկսված հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են հունիսի 15-ին։