Ստրասբուրգում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Պրեսկոտն, ընդհանուր առմամբ, խոսելով Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների կատարման մասին, դրական է գնահատել գործընթացը:
Այս համատեքստում նա առանձնացրել է համաներում հայտարարելը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերի քննության վերսկսումը: «Այնուամենայնիվ, համազեկուցողը որոշակի վերապահում է հայտնել այն փաստի առթիվ, որ 10 անձանց սպանության հանգամանքները դեռեւս բացահայտված չեն»,-նշեց Զոհրաբյանը:




























