Եվրամիությունը հույս ունի, որ սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովն ավելի կամրապնդի եՄ-ի եւ մասնակից երկրների հարաբերությունները։
«Խորհուրդը բարձր է գնահատում գործընկերների եվրոպական մղումները եւ նրանց եվրոպական ընտրությունը։ Խորհուրդը Եվրահանձնաժողովին եւ ԵՄ գլխավոր հանձնակատարին կոչ է անում «Արեւելյան գործընկերություն» շրջանակներում ծրագրերի հետագա իրագործման համար «ճանապարհային քարտեզ» ստեղծել»,- ասված է ԵՄ պաշտոնական կայքում։
Խորհուրդը ԵՄ գլխավոր հանձնակատարին կոչ է անում օգտագործել լիսաբոնյան փաստաթղթի ընձեռած հնարավորությունները՝ ուժեղացնելու համար ԵՄ-ի ներգրավվածությունը արդեն գոյություն ունեցող ձեւաչափերում «սառեցված հակամարտությունների» լուծման հարցում։
2010 թվականին Եվրոպան Հարավային Կովկասի երկրներին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության առաջարկ է արել։ Ծրագիրը նախատեսում է Եվրամիության եւ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ քաղաքական եւ տնտեսական մերձեցում։ Ծրագիրը ԵՄ անդամակցություն չի նախատեսում, սակայն ենթադրում է վիզային ռեժիմի պարզեցում, էներգետիկայի ոլորտում համագործակցություն, ազատ առեւտրի գոտու ստեղծում։




























