Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ընթացքում տուժած Ղրղզստանի բնակիչների թիվը հասել է 183-ի, երկուշաբթի Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վիրավորվել է ընդհանեւր 183 մարդ, նրանցից 34-ը մահացել է»,- ասել է նա:
Ավելի ուշ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հակամարտության արդյունքում զոհվածների թիվը հասել է 35-ի:
Փոխնախարարի տվյալներով՝ հանրապետությունում շարունակվում է օգնության հավաքումը բախումների ընթացքում տուժած հայրենակիցների համար: «Մենք երախտապարտ ենք այն հոգատար քաղաքացիներին եւ կամավորներին, ովքեր օգնեցին հավաքել եւ տուժած տարածքներ հասցնել մարդասիրական օգնությունը»,- ասե է Սոլթոնբեկովան: Նա հավաստիացրել է, որ Ղրղըզստանի բնակիչները, ովքեր աստիճանաբար տարհանվել են հակամարտության գոտուց, վերադառնում են տուն:
Իրավիճակը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին գտնվող «Գոլովնոյ» ջրաբաշխիչի տարածքում, որը կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում, սրվել էր ապրիլի 28-ին, երբ երկու երկրների սահմանամերձ գյուղերի բնակիչների միջեւ կոնֆլիկտ էր սկսվել: Ապրիլի 29-ին զինված բախում էր տեղի ունեցել Ղրղըզստանի եւ Տաջիկստանի զինծառայողների միջեւ: Բիշքեկում հայտարարել էին, որ բախումների ընթացքում տաջիկ զինծառայողները գնդացիրներ, ականանետեր եւ «Մի -24» մարտական ուղղաթիռներ են կիրառել:
Նույն օրը երեկոյան կողմերը պայմանավորվել են զինադադարի եւ զորամիավորումների դուրսբերման մասին իրենց մշտական տեղակայման վայրեր, սակայն կրակահերթերի փոխանակումը որոշ տեղերում պարբերաբար շարունակվում էր մինչեւ մայիսի 1-ը:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սպանվածների ու վիրավորների հիմնական մասը քաղաքացիական անձինք են: Հանրապետությունում բախումների ընթացքում այրվել կամ ավերվել է ավելի քան հարյուր կառույց, այդ թվում՝ երկու դպրոց, երեք սահմանապահ կետ, մանկապարտեզ, հրշեջ կայան, ոստիկանության բաժանմունքի շենք, ինչպես նաեւ 78 մեկ հարկանի բնակելի տուն: Հակամարտության գոտուց տարհանվել էր ընդհանեւր 33.000 խաղաղ բնակիչ:





























