ՀԴԲ-ի աշխատակիցները կրակել են անհայտ անձի վրա, ով ավտոմեքենայով փորձում էր ներխուժել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրասենյակ,Twitter-ում  հայտնում է Դաշնային բյուրոյի Վաշինգտոնի մասնաճյուղը:

«ՀԴԲ-ն հետաքննում է աշխատակցի մասնակցությամբ հրաձգության միջադեպը, որը տեղի է ունեցել երկուշաբթի՝մայիսի 3-ին, երեկոյան ժամը 18:00-ին: ԿՀՎ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցը զենքով դուրս էր եկել իր ավտոմեքենայից»,- հայտարարել են ՀԴԲ-ում:

Գերատեսչության տվյալներով՝ ՀԴԲ աշխատակիցները կրակ են բացել անհայտ անձի վրա, նա վիրավորվել է, ձերբակալվել եւ հասցվել է հիվանդանոց:

«ՀԴԲ-ն շատ լուրջ է վերաբերվում հրաձգության բոլոր դեպքերին, որոնցում ներգրավված են մեր աշխատակիցները եւ օպերատիվ խմբի անդամները: Ուսումնասիրության գործընթացը մանրակրկիտ եւ օբյեկտիվ է, այն իրականացվում է հնարավորինս արագ՝ հաշվի առնելով հանգամանքները»,- հավելել են ՀԴԲ-ում:

Անհայտ անձն ավտոմեքենայով փորձում էր ներխուժել շտաբի տարածք, սակայն անցակետերից մեկում նրան կանգնեցրել էին անվտանգության զինված աշխատակիցները: ԿՀՎ անվտանգության աշխատակիցները որոշ ժամանակ բանակցել էին տղամարդու հետ, սակայն նա հրաժարվել էր հեռանալ: Երբ նրանք փորձել էին ավտոմեքենան դուրս հրել ճանապարհից, օրինախախտը զենքը ձեռքին լքել էր այն, ինչից հետո նրա ուղղությամբ կրակ էր բացվել: