Խորհրդային շրջանի հայ քաղբանտարկյալներ Վարդան Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը եւ Ռազմիկ Մարկոսյանը ցավակցական ուղերձ են հղել իրավապաշտպան Ելենա Բոների մահվան կապակցությամբ:

Ուղերձում նշվում է. «Մենք` խորհրդային շրջանի քաղբանտարկյալներս, Ելենա Բոների մահվան կապակցությամբ մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին: Նա խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկն էր, սկզբունքային եւ վճռական մարդ: Մեզանից յուրաքանչյուրը իր ժամանակ զգացել է նրա պաշտպանությունն ու աջակցությունը: Նրա անզիջում պայքարի փորձը պահանջված է նաեւ այսօր: Մենք սգում ենք նրա հարազատների հետ միասին»:

Հիշեցնենք, որ Անդրեյ Սախարովի այրի Ելենա Բոները մահացել է հունիսի 17-ին Բոստոնում, բայց նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն հունիսի 189-ին: Նրա հայրը` Գեւորգ Ալիխանյանը գնդակահարվել է 1938-ին, իսկ մայրը` Ռուֆ Բոները դատապարտվել է 8 տարվա աքսորի: